«Փաստ» օրաթերթը գրում է.
Հարկերի և տուրքերի դրույքաչափերի բարձրացումը նպատակ ունի բյուջեի հավել յալ մուտքեր ապահովել այն պարագայում, երբ իշխանություններն ասում էին, որ իրենք «փողի խնդիր չունեն»: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է՝ ունենք մի երկիր, որը ռեսուրսներով հարուստ չէ, քաղաքական առումով շատ դժվար իրավիճակում է, աշխարհաքաղաքական բարդ դիրքում է գտնվում:
«Ու այս իրավիճակում իշխանության մեջ գտնվող մարդիկ իրականացնում են ճոխ ծախսեր: Ամենապարզ օրինակը՝ իրենց ամառանոցների խնամքի համար, ասենք, կարող են տարեկան 3 մլն դոլարի չափով գումար ծախսել: Փոքր ժամանակ հարևանի հեծանիվը ջարդած, հեծանիվի համար նախանձող, բարդույթավորված մարդիկ այսօր մեքենաներով գնում-գալիս են: Սա չպետք է բնորոշ լինի փոքր հնարավորություններ ունեցող երկրի համար: Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ: Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի տնտեսության ահավոր կառուցվածք, և դրա կտրվածքով արդյունաբերությունը, որպես այդպիսին, ընդհանրապես գոյություն չունի, բայց պետք է հիշենք, որ կենտրոնացված կառավարման՝ մասնավորաբար խորհրդային տարիներին մեր ժողովրդատնտեսական համալիրի մեջ ունեցել ենք ռադիոէլեկտրոնային, նավիգացիոն, էլեկտրատեխնիկական արդյունաբերություն, հանքարդյունաբերություն, քիմիական արդյունաբերություն:
Ունեցել ենք բազմաթիվ հնարավորություններ և շնորհք: Անցած երեսուն տարվա ընթացքում բոլոր հնարավորությունները ձեռքից բաց ենք թողել, և գնալով կառավարումն ավելի ու ավելի վատացել է: Հարկային ճնշումների տակ դու երբևիցե ի զորու չես լինելու տնտեսության կառուցվածքը արդիականացնել՝ այն դարձնելով ժամանակակից: Փաստորեն, «տուգանքի մատերիալ» կտրվածքով մուտքեր են ձևավորվում, որոնք իշխանության կրողների կողմից օգտագործվում են անխնա ու ողորմելի ձևով: Պետական կառավարման անարդյունավետ, երկիրը կործանող քաղաքականություն են վարում: Իրենք երկիր պահելու խնդիր ունեն, ամենակարևորը՝ կառավարելու խնդիր ունեն, ինչից գլուխ չեն հանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տնտեսագետը:
Եվրամիություն-Ռուսաստան խաչմերուկում Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ շուկան: Արդյոք հայկական արտադրանքն իր տեղը կգտնի՞ եվրոպական շուկայում: «Նախ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու, քաղաքական արտաքին վեկտոր փոխելու մասին: Սա մանկական խաղ չէ, սա կախված է մեր անվտանգության հետ: Մեր անվտանգության, այսպես կոչված, երաշխավորը նվազագույնը երկու հարյուր տարուց ավելի եղել է Ռուսաստանի Դաշնությունը: Նա մեծ երկիր է, չեմ ասում, թե պետք է կարողանանք հավասարը հավասարի հետ խոսել: Հիմա խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից և այլն: Ես կարծում եմ, որ այսօրվա գործակալ ցանցը հանձնվել է արևմտյան ինստիտուտներին, և մի նպատակ են հետապնդում՝ Ռուսաստանին վտարել մեր տարածաշրջանից:
Կմնա՞ Հայաստան, չի՞ մնա Հայաստան, խորապես համոզված եմ, որ իրենց դա չի հուզում, առավել ևս՝ իրենց տերերը տվել են երաշխիքներ, թե՝ կգնաք ինչ-որ տեղ, ձեզ տուն ու փող կտանք, կապրեք: Եթե այսպիսի վիճակում ենք հայտնվել, էլ ինչպե՞ս քննարկենք տնտեսության առումով ինչ կլինի: Գյուղատնտեսության ու արդյունաբերության՝ տնտեսության երկու կարևորագույն ճյուղերը չկան, շինարարության մասով էլ, երբ տեսնում ենք այսքան կառուցվող շենքեր, կասկած է առաջանում՝ այս ո՞ւմ փողերն են: Շատ հնարավոր է, որ մեր հարևաններն են խթանում այդ վիճակը, որ վաղն իրենցը դառնա այդ ամեն ինչը: Սա դավադրությունների տեսություն կամ ֆանտազիաներ չեն, այլ այսօր իրականում հայտնվել ենք այդ ահավոր վիճակում: Սա այն տարբերակն է, որ ասում են՝ տիեզերական տերը փրկի այս ազգին»,-եզրափակում է Վարդան Բոստանջյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում