«Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Զրույցի մեկնարկին Արենի մայրիկի հետ մտովի տեղափոխվում ենք որդու մանկություն: «Այնքան խելացի էր: Գնում էր մանկապարտեզ, բացի իր ոտանավորները, նաև մյուսներինն էր սովորում ու տուն գալիս: Թե՛ դպրոցում, թե՛ մանկապարտեզում ցանկացած միջոցառման ժամանակ պետք է գլխավոր դերերում լիներ: Փոքր տարիքից շատ լավ նկարում էր, նկատեցինք իր տաղանդը: Քեռու գենը կար, բայց Արենն ինքնուս էր: Փոքր տարիքում շատ աշխույժ երեխա էր, մեծացավ ու մի տեսակ լրջացավ: Տանն ու բարեկամների մոտ անընդհատ հումորներ էր անում, իսկ դրսում չափից դուրս լուրջ էր: Երբ բոլորին պատմում եմ, ասում, թե որքան կատակասեր էր Արենը, կարող են անգամ չհավատալ, ցույց եմ տալիս իր մասնակցությամբ տեսանյութերը, դրանից հետո նոր հավատում են: Գիտեր, թե ամեն միջավայրում իրեն ինչպես պետք է դրսևորի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Արենի մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցում որդին լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարանը գերազանցիկ էր, իսկ հետո էլ բարձր գնահատականներով ավարտեց այն: «Հետո ընդունվեց Վանաձորի պետական համալսարանի կերպարվեստի բաժինը: Ընդունվեց անվճար հիմունքներով՝ իր խելքի ու աշխատասիրության շնորհիվ: Պետք է երեք քննություն հանձներ, առաջին քննությունը հանձնեց, եկավ տուն, ասաց՝ ես ընդունված եմ, անգամ վստահ եմ, որ անվճար եմ ընդունվելու: Համալսարանի դասախոսական կազմը մինչև հիմա էլ իր մասին խոսում է, ասում, թե որքան լավ ուսանող կլիներ: Բայց, ցավոք, անգամ ուսանող լինել չհասցրեց, ընդունվեց ու զորակոչվեց բանակ… Այժմ համալսարանում իր նկարն է դրված»: Տիկին Քրիստինեն ասում է՝ շատ էր նկարում 44-օրյա պատերազմում անմահացած մեր տղաներին:

«Նկարում էր, հետո էլ ինձ ասում՝ մա՛մ, տեսնես ինձ ո՞վ է նկարելու: Երբ հարցնում էի, թե ինչո՞ւ է նման բան ասում, հանգստացնում էր ինձ՝ կատակ եմ անում: Շատ է եղել, երբ պատվերով նկարել է, նկարը փոխանցելու և գումարը վերցնելու ժամանակ, երբ իմացել է, որ պատերազմում անմահացած տղայի է նկարել, գումարը չի վերցրել: Շատ խղճով էր»: Արենն իր կյանքը կապել էր կերպարվեստի հետ, չնայած մեծ էր նաև իր հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, մրցումների ժամանակ առաջին հորիզոնականներ էր գրավում, բայց մայրիկն ասում է՝ իրենը կերպարվեստն էր: 2021 թ. հուլիսի 28-ին Արենը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության:

Ծառայության վայրը Վարդենիսն էր: «Երբ մեկն ուզում էր բանակից ազատվել, բարկանում էր. «Դուք ի՞նչ տղերք եք: Եթե ես, դու, մյուսն ազատվեցինք, ո՞վ պետք է մեր հայրենիքը պաշտպանի»: Ինձ ասում էր՝ մա՛մ ջան, չմտածես, եթե ես հայրենիքի համար զոհվեմ, իմացիր՝ դու թագավոր տղա ունես: Միշտ նման բաներ էր ասում, հետո կատակի տալիս ու անցնում առաջ. «Մա՛մ ջան, գնամ, շուտ ծառայեմ ու գամ»: Գնաց, շուտ ծառայեց ու եկավ: Շատ էր սիրում զինվորական համազգեստը: Հագուստը պետք է կոկիկ լիներ, կոշիկները՝ մաքուր: Արձակուրդ էր գալիս, եղբորը կանչում ու սկսում ամեն ինչ բացատրել՝ քեզ կսովորեցնեմ, թե ինչպես պետք է կոշիկներդ մաքրես, ինչպես քեզ պահես: Ամեն ինչ սովորեցնում էր եղբորը»: Մայրիկն ասում է՝ որդուն բանակ ճանապարհելուց հետո կարծես անընդհատ վատ լուրի սպասեր:

«Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իմ ապրումները, անընդհատ զգացել եմ տագնապային ինչ-որ մի բան: Չգիտեմ՝ միայն ես եմ նման զգացում ունեցե՞լ, թե՞ բոլոր մամաները: 14 օրը մեկ բարձրանում էր դիրքեր, ես այդ օրերին կարծես չքնեի: Բայց իր զգացողությունները, տպավորությունները շատ լավն էին ծառայության օրերից: Վերին Շորժայի դիրքերում էր ծառայում, զանգում էր ինձ՝ մա՛մ ջան, Քրիստինե՛ ջան, Վերին Շորժայից ձեզ անհանգստացնում է Արեն Մալաքյանը: Կատակ էր անում, իմ ներսում էլ անհանգստություն կար, ասում էի՝ ցավդ տանեմ, հեռախոսով երկար մի խոսի: «Մամ ջան, սաղ տոչնի ա»: Դա իր սիրելի արտահայտությունն էր:

Ամեն ինչից գոհ էր, չի եղել մի դեպք, որ ասի՝ մա՛մ ջան, այսինչ բանն ուղարկի: Մի անգամ չդժգոհեց, մի բան չուզեց մեզանից: Ծառայության ժամանակ իրեն հրամանատարը կանչել էր՝ Արե՛ն ջան, կցանկանա՞ս շարունակել ծառայությունդ: Ֆիզիկական շատ լավ տվյալներ ուներ, պատրաստված էր, ծառայում էր Հատուկ գործողությունների վաշտում»: Բայց Արենը մերժել էր ծառայությունը շարունակելու առաջարկությունը՝ ծնողներս ինձ են սպասում: 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամին մի քանի ուղղությամբ հարձակվեց Հայաստանի Հանրապետության սահմանների վրա: Ուղղություններից մեկը Գեղարքունիքի մարզն էր: «Մենք և՛ առավոտյան, և՛ երեկոյան պետք է պարտադիր խոսեինք իրար հետ:

Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամը 22:30-ին խոսել ենք, այնքան ուրախ էր, բարձր տրամադրությամբ: Առավոտյան ժամը 10-ին էր զանգում ինձ: Ասում էր՝ ժամը վեցին եմ արթնանում, ինձ թվում է՝ արդեն ժամը եսիմ քանիսն է, մա՛մ ջան, քեզ շուտ եմ զանգում ու զգում, որ քնած էիր, սիրտս պատռվում է, որ քեզ արթնացնում եմ, դրա համար ժամը 10-ին եմ զանգելու: Բայց երեկոյան ամուսինս ասաց՝ Արե՛ն ջան, առավոտները շուտ զանգի, որ հանգիստ լինենք: «Պա՛պ ջան, ուրեմն առավոտը ութին կզանգեմ»: Մինչև հիմա պիտի զանգի»: Մայրիկներ կան, որոնք զգացողություն են ունեցել, որ որդիները հեռախոսազանգերի ժամանակ իրենց հրաժեշտ են տալիս, մինչդեռ Արենը ծնողների հետ վերջին զրույցի ժամանակ այնքան ուրախ է եղել, բարձր տրամադրությամբ: Պատերազմն սկսվելու ժամանակ Արենը զորամասում է եղել, երկու օր առաջ էր իջել դիրքերից: Զոհվել է Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ:

«Սեպտեմբերի 13-ին ամուսինս, մեր հարազատները գնացին Արենի մոտ: Քանի որ նա զորամասում էր եղել, իր վերադարձն էլ տուն շուտ ստացվեց՝ հենց նույն օրը: Մարտունիի դիահերձարանում է եղել, հայրիկը ներս է մտել, ասել են՝ երկու հոգի կա, տեսեք՝ ձեր երեխա՞ն է, թե՞ ոչ: Ամուսինս ասում է՝ մինչև մտնելս այնքան աղոթեցի, որ Արենը չլինի, բայց առաջինը հենց ինքն է եղել: Արենի վնասվածքը գլխի հետևի հատվածում է եղել, գուցե եթե այդպիսի վիրավորում չստանար, փրկվեր: Ինչպես սիրուն իրեն ուղարկել եմ բանակ, այդպես էլ եկել է: Ինչպես այն ժամանակ էի իրեն համբուրում ու իր հոտը զգում, այդպես էլ այդ ժամանակ: Մեկմեկ դրանով էլ եմ մխիթարվում»: Տիկին Քրիստինեն ասում է՝ գնալով ցավն ավելի է ծանրանում:

«Մինչև իր զորացրման օրը սպասում էի, որ գալու է: Իրեն տեսել էի, բայց էլի սպասում էի: Իսկ հիմա այնքան ծանր է իր նկարները, տեսանյութերը նայելը: Աշխույժ էր, ամեն առիթի ժամանակ երգում ու պարում էր: Ամեն առիթի պետք է կենաց ասեր, շատ կենսուրախ էր»: Մայրիկին ապրելու ուժ տալիս է կրտսեր որդին: «Հիմա ինձ Տիգրանս է ուժ տալիս, ասում եմ՝ եթե նա չլիներ, հավանաբար ինձ հետ մի բան կանեի: Բայց ինքն ինչո՞վ է մեղավոր, չէ՞ որ եղբորից հետո իր թևերն էլ կտրվեցին»:

Հ. Գ. — Արեն Մալաքյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ժամանակ արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է Լոռու մարզի հայրենի Մարգահովիտի գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում