Pressmedia.am-ը գրում է.
Վերջերս Մեդիահաբ լրատվամիջոցին տված հարցազրույցում ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը նշել է, որ 5 տարի գտնվելով Հայաստանից դուրս՝ Ռուսաստանում, ինքը կազմակերպել է տարբեր բիզնեսներ՝ մի քանի ուղղություններով և զուգահեռ ապրել և ամեն օր ապրում է հայաստանյան կյանքով։
Մեր իրականությունն այն է, որ գործող իշխանությունները հմուտ կերպով կարողացան բոլոր ուժերին, որոնք կարող են դիմակայել այս մեծ աղետին, այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեր երկու հայկական հանրապետություններում, մի մասին նստեցրեցին բանտերը, իսկ ով հասցրեց, դուրս եկավ երկրից։ Ինքը երկրորդ մասի ներկայացուցիչ է, ով ժամանակին կարողացավ դուրս գալ և չհայտնվել բանտի խցերում, որտեղ այսօր գտնվում են բազմաթիվ մարդիկ, ովքեր հակադրվել են ներկա իշխանություններին։
Պողոսյանը նշում է, որ ինքը չի փախչում Հայաստանից, ինքը չի կարող իր տնից փախչել։ Հայաստանի համար ինչ-որ բան անելու իր հնարավորությունները շատ ավելի մեծ են բանտից դուրս գտնվելով, թեկուզ արտերկրից։
Պողոսյանի խոսքով՝ մինչև վերջերս ինքը, լինելով ՀՀԿ անդամ, իր թիմի հետ հնարավորինս փորձել է կանխել այս արհավիրքը։ Ավելին, հենց առաջին օրերին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը անգամ գրավոր դիմել է գործող վարչապետին, որ թույլ տան իրեն գալ Հայաստան և ուղևորվել Արցախ, սակայն գրավոր կերպով բացասական պատասխան է ստացել։