«Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) հատուկ նշանակության ջոկատի գնդապետ Թիմուր Մյասնիկովը։
Հաղորդվում է, որ նա հասցրել է ահաբեկիչների կրակից փրկել կնոջն ու որդուն՝ նրանց անվտանգ վայր հրելով և կրակն իր վրա վերցնելով։ Այս մասին պատմել է «Ռուսաստանի սպաներ» կազմակերպության Սամարայի մասնաճյուղի ղեկավար Արթուր Մալիվանչուկը:
Մալիվանչուկը նշել է, որ Մյասնիկովը ահաբեկչության ժամանակ երեք հրազենային վնասվածք է ստացել։
«Նրան երեք փամփուշտ է դիպել։ Մի քանի օր բժիշկները պայքարել են կյանքի համար, սակայն, ցավոք, փրկել չի հաջողվել»,-գրել է նա։
Նշենք՝ Մյասնիկովը կռվել է Կոսովոյում և Տաջիկստանում, իսկ վերջին երկու տարին անցկացրել է հատուկ գործողության գոտում, ունի մարտական շքանշաններ և մեդալներ։ Թիմուրը արձակուրդ էր եկել հատուկ ռազմական գործողության գոտուց և այդ օրը համերգի էր գնացել: