Մոսկվան արցունքներին չի հավատում կամ Պողոսյանի փրկօղակը` «դարձի եկած» քպ֊ականներին

Press24.am-ը գրում է.

Հայաստանի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը, ով հայտարարել է, որ ստեղծել է «Հայոց համազգային միասնություն» անունով կուսակցություն, պատրաստ է ցանկացած համագործակցության` ընդդեմ երկիրը նման վիճակի հասցրած անձի,֊ գրում է մամուլը:

Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում,֊ օրերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է ԴԱՀԿ նախկին պետը և ակնարկել, որ գործող իշխանության ներկայացուցիչները ևս, երկիրը կործանումից փրկելու նպատակով, համագործակցության հնարավորություն կստանան։
Պողոսյանը, ըստ էության, փրկօղակ է նետում իրենց առաջնորդի հակապետական գործունեության արդյունքում անկյունում հայտնված և քաղաքական աղբանոց նետվելու վտանգի առաջ հայտնված քպ֊ականներին։ Երկար տարիներ ԴԱՀԿ պետ աշխատած և ներիշխանական հարաբերությունների և պրոբլեմատիկ իրավիճակների փորձ ունեցող Պողոսյանը, թերևս, կոչ է անում կառավարելի դարձնել ճգնաժամը` հեռացնելով դրա մեղավորին, և ժամանակ չվատնել դետալների վրա։ Երկիրը այնպիսի ծանր իրավիճակում է գտնվում, որ սև ու սպիտակի բաժանելը ավելի է խճճում գրեթե անլուծելի թվացող իրավիճակը։

Կարելի է ենթադրել, որ ԴԱՀԿ նախկին պետը նաև «դարձի եկած» քպ֊ականներին ՌԴ իշխանությունների կողմից անվտանգության երաշխիքների ակնարկ է անում։ Գործող վարչապետի աշխարհաքաղաքական առևտրի արդյունքում նրանք ՌԴ «սև ցուցակներում» հայտնվելու ռեալ վտանգի առաջ են հայտնվել։ Հասկացողները հասկանում են, թե դա ինչ կարող է նշանայել, և ինչ կարող է նշանակել Պողոսյանի նետած փրկօղակը։

Մոսկվան, ճիշտ է, արցունքներին չի հավատում, բայց որոշ հայ գեներալների, ըստ ռուսական լրատվամիջոցների, հավատում է։

Արտակ Սարգսյան