Դե, չեն սիրում «փոխզիջում» բառը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանն այս օրերին բավականին ագրեսիվ քարոզչություն է ծավալել՝ նպատակ հետապնդելով արդարացնել Հայաստանի տարածքը թշնամուն նվիրելու իր կործանիչ մտադրությունը, եթե կուզեք՝ որոշումը: Փաշինյանը մե՛կ անձամբ է մեկնում Տավուշ ու, սահմանամերձ գյուղերի հայ բնակչությանը պատերազմով ահաբեկելով, հայտարարում, թե պետք է այդ գյուղերի մերձակա տարածքները զիջել, հենց այնպես նվիրել թշնամուն, մե՛կ այդ թեզերը գեներացնում է իր քպականների հետ մարզային հանդիպումների ժամանակ, մե՛կ նրա «զինակիցներն» են նույն բաները հայտարարում:

Հետո Փաշինյանը նենգախեղված մոտեցումներով հայտարարում է, թե այն, ինչ ցանկանում է նվիրել թշնամուն, հայկական տարածքներ չեն ու երբեք հայկական չեն էլ եղել: Բայց հարցն այս դեպքում Փաշինյանի ու նրա «առաջին պլանի» ներկայացուցիչների ընթացիկ մանիպուլ յացիաները չեն միայն: Դրանք՝ իրենց հերթին, և դրանց, մեծ հաշվով, ամենօրյա ռեժիմով անդրադառնում ենք: Մեծ հաշվով, Տավուշի մարզի մի զգալի հատված թշնամուն նվիրելու փաշինյանական մտասևեռման առանցքային ու, արդեն շատ-շատերի համար բացահայտ առանցքային նպատակը Հայաստանի զինված ուժերի ամենից պաշտպանված և ուժեղ բնագծերից մեկը ջախջախելն է, թշնամու հետագա առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելը:

Ի լրումն, դրա հետևանքով թշնամին Տավուշի մարզը կվերածի կտրտված «անկլավների»՝ դրա ամբողջ ծանր հետևանքներով: Մի խոսքով, այսօր Նիկոլ Փաշինյանից ու նրան երկրորդող նիկոլփաշինյաններից շարունակ միայն զիջելու, հանձնելու, տալու մասին է հանրությունը լսում: Ինչպե՞ս բնորոշել սա: Այս հարցում, կարծում ենք, մեզ անուղղակիորեն «կօգնի»… Նիկոլ Փաշինյանը: Ահավասիկ, 2016 թվականի օգոստոսի 4-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Նիկոլ Փաշինյանը (այն ժամանակ՝ ԱԺ պատգամավոր) ուղիղ միացման ընթացքում պատասխանել է օգտատերերից մեկի հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Արցախի խնդրի կարգավորումը փոխզիջումային եղանակով: Չենք ափսոսա թերթի տարածքը և կմեջբերենք 2016-ի «մատոռով» Նիկոլ Փաշինյանի խոսքի այս հատվածը. «Փոխզիջման մասին նույնիսկ տեսականորեն կարելի է խոսել այն պայմաններում, երբ կա փոխզիջման մթնոլորտ: Երբ քո հակառակորդը կամ դիմացի կողմը սպառնում է քեզ ոչնչացնել, իսկ դու ի պատասխան ասում ես՝ մենք պատրաստ ենք փոխզիջումների, դա արդեն նշանակում է, որ դու պատրաստ ես կապիտուլ յացիայի, համենայն դեպս, այդպիսի հոգեբանական ֆոն ես ստեղծում»:

Առհասարակ, նախքան 2018 թվականը, թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա քպականները մի այլ կարգի «վատանում» էին, երբ այն ժամանակվա իշխանություններն, օրինակ՝ արտաբերում էին «փոխզիջում» բառը: «Նախահեղափոխական» նիկոլականները այդ ժամանակ դիրքավորվում էին որպես երդվյալ «ոչմիթիզական», հեգնում էին՝ «ինչ փոխզիջում-մոխզիջում…»: Թեպետ, ինչո՞ւ նկարագրենք, եթե կարելի է պարզապես մեջբերել արձանագրված ելույթներից հատվածներ: Խնդրեմ, հիացեք. «Պետք է փոխզիջում բառը հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում և Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել էն պարագայում, երբ Ադրբեջանը հստակ հայտարարի, որ պատրաստ է քննարկել և ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թվականի մարտի 24ին տված հարցազրույցում:

Տեսնո՞ւմ եք, նա «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից ուզում էր արմատախիլ անել: Բայց դառնալով իշխանություն, արմատախիլ արեց «հաղթանակ», «ազատագրում», «Արցախ», «տոն», «ուրախություն» բառերը, արմատախիլ արեց հայությանը Արցախից, իսկ հիմա էլ, ըստ էության, ուզում է հայությանն արմատախիլ անել Տավուշից: Դե, չի՛ սիրում նա «փոխզիջում» բառը: Ավելին. «Այն, ինչ իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում: Իսկ ի՞նչ է զիջում Ադրբեջանը, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել: Երբ որ Ադրբեջանն ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին»,- հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2017 թ. մարտի 30-ին, մամուլի ասուլիսում:

2018 թ. իշխանազավթման օպերացիայի հետևանքով վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին նույնպես ասել է նույնը. «Փոխզիջման մասին խոսելը, հատկապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է»: Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը արդեն որպես վարչապետ: Ճիշտ է՝ զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է, զիջո՛ւմ է ու պատրաստվում է էլի զիջել ու զիջել: Ըստ որում՝ միակողմանիորեն, հաճախ՝ առանց մեկ կրակոցի, առանց դիմակայության, տալիս է ու տալիս, և այդ զիջողականության վերջը չի երևում: Այսինքն, ինչ-որ առումով անկեղծ էր «փոխզիջում» բառը հայոց բառապաշարից արմատախիլ անելու իր մտադրության մեջ. այդպես էլ արեցին, որովհետև փաստացի իրենց համար միակ ընդունելին, միակ կրեդոն ուղղակի զիջումներն են, միակողմանի հանձնելն ու տալը: Այո, թշնամուն միակողմանի զիջումներ անելու հարցում անհողդողդ ու հաստատակամ են, հետևողական ու կոշտ: Այնքան հետևողական ու կոշտ, որ թշնամու խոսույթը որդեգրած՝ գնում են հայ մարդկանց ահաբեկելու, թե ձեր գյուղերը տվեք, ձեր երեխաների կենսատարածքը ոչնչացրեք, ձեր ապրելու իրավունքը ուրացեք և ինչ ունեք-չունեք՝ տվեք, հակառակ դեպքում՝ թշնամին պատերազմ կսկսի…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում