Մարտի դաշտում Ուկրաինայի վիճակը լուրջ է, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. Ստոլտենբերգ

Մարտադաշտում Ուկրաինայի համար իրավիճակը շատ լուրջ է և ծանր, Կիևը հրատապ օգնության կարիք ունի. այս մասին  հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

«Ուկրաինան հնարավորինս կարճ ժամկետում օգնություն ստանալու կարիք ունի, մենք տեսնում ենք իրավիճակը մարտի դաշտում, տեսնում ենք, թե որքան լուրջ է այն և ինչ պահանջներ են ներկայացվում Ուկրաինային։ Մենք գնահատում ենք այն ամենը, ինչ արել են ՆԱՏՕ-ի երկրները, բայց դա բավարար չէ, մենք պետք է ավելին անենք։ Ուկրաինացիները ոչ միայն ավելի շատ օգնության կարիք ունեն, այլև ավելի երկարաժամկետ և կանխատեսելի օգնության կարիք ունեն, որպեսզի կարողանան հարձակումներ պլանավորել»,- ասել է Ստոլտենբերգը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինա ռազմական մատակարարումները դարձնել ոչ թե կամավոր, այլ պարտադիր։

«Որքան շուտ մենք կարողանանք Մոսկվային համոզել, որ նա չի հաղթի մարտի դաշտում, այնքան շուտ մենք կարող ենք հասնել խաղաղության համաձայնագրի»,- ասել է Ստոլտենբերգը։