Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է հունիսի 1-ին մոբիլիզացնել 300 հազար մարդու․ հայտնում է Meduza-ն։
«Կարող եմ ասել, որ հունիսի 1-ին Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացնել 300 հազար հավելյալ զորք»,- ասել է Զելենսկին Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե քանի մարդ է մոբիլիզացվելու ուկրաինական բանակում 2024 թվականին, Զելենսկին նշել է, որ «մեզ կես միլիոն պետք չէ»։ Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը, ինչպես Զելենսկին ասել է 2023 թվականի վերջին, առաջարկել է մոբիլիզացնել 400-500 հազար ուկրաինացի։ Ուկրաինայի նախագահը չի նշել, թե ի վերջո քանի ուկրաինացի է մոբիլիզացվելու։
Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն՝ ուկրաինական բանակում աուդիտ անցկացնելու համար։
Ուկրաինայի նախագահը նախօրեին օրենք է ստորագրել զորակոչի տարիքային շեմը 27-ից 25-ի իջեցնելու մասին։ Համապատասխան օրենքը Գերագույն ռադան ընդունել է 2023 թվականի մայիսին, սակայն Զելենսկին գրեթե մեկ տարի չի ստորագրել փաստաթուղթը։