«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանի իշխանությունները ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, բացի հրապարակված փաստաթղթերից ու հայտարարություններից, ձեռք են բերել նաև այլ՝ այսպես կոչված՝ «ներքին» պարտավորություններ։ Դեռ որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ Արևմուտքը Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոններից հեռացնել բոլոր այն անձանց, որոնք սերտ կապեր են ունեցել և ունեն Ռուսաստանի հետ։ Եվ ահա, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այս թեմայի հետ կապված նոր զարգացումներ կան: Ի մասնավորի, խոստանալով առաջիկայում ավելի մեծ գումարներ՝ Եվրամիությունից նշել են, որ այդ գումարները և աջակցությունը կարող են տրամադրել միայն իրենց կողմից վստահելի մարդկանց։
Հատկապես ուժայինների պարագայում Եվրամիությունը զգալի մտահոգություններ ունի մի շարք պաշտոնյաների մասով, և Փաշինյանի առջև դրվել է նրանցից ազատվելու հարցը։ Ի մասնավորի, նշվել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի անունը։ Հիշեցրել են նաև նախկինում առկախված խոստումը` ներքին գործերի նախարարի փոփոխության մասով։
Ի դեպ, մեր աղբյուրը պնդում է, որ ՔՊ-ում մեծ մասը չափազանց դեմ է փոխնախարար Արփինե Սարգսյանի թեկնածությանը, թեև վերջինս որոշակի կապեր ունի Եվրամիության կառույցների հետ: Մեր տեղեկություններով, հատկապես ՔՊ վարչությունում համոզմունք կա, որ այդ պաշտոնում պետք է քաղաքական դեմք նշանակվի, ընդ որում՝ ցանկալի է հենց ՔՊ վարչության անդամ, որն էլ կկարողանա ավելի լավ վերահսկել կարևորագույն ուժային կառույցը։ Ի դեպ, մեր զրուցակցի փոխանցմամբ, այս հարցում, կարծես, արդեն կոնսենսուս կա, բայց թե կոնկրետ ո՞ւմ կնշանակեն, դեռ չեն որոշել։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում