Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն

Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար. այս մասին BFMTV-ին ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Նրա պնդմամբ՝ Ֆրանսիան ամեն ինչ կանի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրացումից խուսափելու համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք բռնկումից, այսինքն՝ էսկալացիայից։ Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույնս ապահովելու նրա պաշտպանությունը, բայց նաև կոչ ենք անում սահմանափակումներ մտցնել՝ էսկալացիայից խուսափելու համար։ Ուշադրության կենտրոնում պետք է լինի Իրանի մեկուսացումը, տարածաշրջանի երկրներին համոզելը, որ Իրանը վտանգ է ներկայացնում, պատժամիջոցների ավելացումն ու Իրանում միջուկային գործունեության նկատմամբ ճնշման ուժեղացումը», — հավելել է նա։

Ֆրանսիայի նախագահը նաև ասել է, որ ֆրանսիական կործանիչներն օգնել են հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը հարձակման ժամանակ:

«Արդեն մի քանի տարի է, ինչ մենք Հորդանանում ունենք ահաբեկչության դեմ պայքարի ավիաբազա։ Հորդանանի օդային տարածքը խախտվել է… Մենք օդ բարձրացրինք մեր ինքնաթիռներին և որսացինք այն, ինչ պետք է որսայինք», — նշել է Մակրոնը: