Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Պակիստան է ժամանել եռօրյա պաշտոնական այցով, որը կտևի ապրիլի 22-ից 24-ը։ Այս մասին հայտնում է Ռադիո Պակիստանի պետական հեռարձակման կորպորացիան։
Նշվում է, որ Նուր Խանի օդանավակայանում նրան դիմավորել է Պակիստանի բնակարանային և հասարակական աշխատանքների դաշնային նախարար Ռիազ Հուսեյն Փիրզադան։ Ռաիսիին ուղեկցում են նրա կինը և բարձրաստիճան պատվիրակությունը, որոնց թվում են Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և կառավարության այլ անդամներ, ինչպես նաև բիզնեսի ներկայացուցիչներ։
Ըստ Պակիստանի ԱԳՆ-ի՝ այցի ընթացքում կքննարկվեն Իրան-Պակիստան կապերի ամրապնդումը և համագործակցության զարգացումը առևտրի, կապի, էներգետիկայի, գյուղատնտեսության ոլորտներում։ Կողմերը կքննարկեն տարածաշրջանային և համաշխարհային իրադարձությունների զարգացումները, ինչպես նաև ահաբեկչության ընդհանուր սպառնալիքի դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը։