Այսօր լրանում է աշխարհի խոշորագույն տեխնածին աղետի` Չեռնոբիլի ատոմակայանի 4-րդ էներգաբլոկի պայթյունի 38-րդ տարելիցը: ԱԷԿ-ը կառուցվել էր Պրիպյատ քաղաքի մոտակայքում, Չեռնոբիլ քաղաքից 18 կմ, Բելառուսի սահմանից 16 կմ և Կիևից 110 կմ հեռավորության վրա:
1986թ.-ի ապրիլի 26-ին` գիշերը 1.23 րոպեին, Խորհրդային միության խոշորագույն ատոմակայանի 4-րդ էներգաբլոկում պայթյուն տեղի ունեցավ, որն ամբողջովին ոչնչացրեց ռեակտորը: Պայթյունի հետևանքով մթնոլորտ արտանետվեց 190 տոննա ռադիոակտիվ նյութ: Ռեակտորի 140 տոննա ռադիոակտիվ վառելիքից 8 տոննան հայտնվեց օդում: Փորձագետները նշում են, որ ռադիոակտիվ նյութերի ընդհանուր արտանետումները կազմել են 50 մլն կյուրի, որը հավասարազոր է 1945թ.-ին Հիրոսիմայի վրա նետված միջուկային ռումբի հետևանքների հինգհարյուրապատիկին:
Ռադիոակտիվ նուկլիդներն աղտոտեցին Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի ավելի քան 145 հազ ք/կմ տարածք: Սակայն բնակչությանը վարակման վտանգի մասին հաղորդվեց շատ ուշ: Հեռուստատեսությամբ առաջին պաշտոնական հայտարարությունն արվեց միայն ապրիլի 28-ին: Աղետից հետո, ավելի քան 115.000 մարդ տարհանվեց 30 կմ-ոց գոտուց: Բացի այդ, աղետի հետևանքները վերացնելու գործում ներգրավվեց ավելի քան 600.000 մարդ: Վթարից զոհվեց 31 մարդ, դրան հետևող 15 տարիների ընթացքում ռադիոկատիվ ճառագայթման զոհ դարձավ 60-80.000 մարդ, մինչդեռ 130.000-ը ծանր ճառագայթային հիվանդությամբ հիվանդացավ:
Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջովին փակվեց 2000թ. դեկտեմբերի 15-ին։
Ներկայումս Չեռնոբիլի ատոմակայանի շրջակայքը Կիևի և Ժիտոմիրի շրջաններում, ներառյալ Պրիպյատը և Չեռնոբիլը, համարվում է բացառման գոտի։
Ապրիլի 26-ը հայտարարվել է Ռադիոակտիվ ճառագայթման վթարների և աղետների զոհերի հիշատակի միջազգային օր: