«Փաստ» օրաթերթը գրում է.
Տավուշյան սահմանագծումն ու սահմանազատումը չի ընդգրկվում որևէ իրավական կամ քաղաքական շրջանակների մեջ: Այս մասին ահազանգում է փորձագիտական դաշտը, բայց գործընթացը շարունակվում է:
«Կան միջազգային փաստաթղթեր, ԵԱՀԿ-ն վաղուց ունի սահմանագծման և սահմանազատման մասին ուղեցույց: Մյուս կողմից՝ միջազգային պրակտիկան ապացուցում է, թե դա ինչքան երկարատև, մանրակրկիտ և նրբանկատություն պահանջող գործընթաց է: Թե՛ Ադրբեջանը, թե՛ նրան գործընկեր դարձած Հայաստանի օրվա իշխանությունը կացնահարում են: Դա Ադրբեջանի ձեռագիրն էինք համարում, պատահական չէ, որ Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը Ալիևի վերընտրվելու կապակցությամբ նրան մարտական կացին նվիրեց: Դա ձեռագիր է, ծիսակատարություն: Հիմա այդ կացնային քաղաքականությանը միացել են Հայաստանի իշխանությունները, որոնք ամեն ինչ կատարում են նրանց քիմքին համապատասխան: Ո՞ւր են մասնագետները, ո՞ւր են քարտեզագետները և խորհրդային տարիների փաստաթղթերը, եթե խոսում են Խորհրդային ժամանակաշրջանի մասին: Մյուս կողմից՝ ի՞նչ կապ ունի ժամանակակից Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի սահմանների հետ: Ժամանակակից Ադրբեջանը ոչ միայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից, նա այն ժամանակ ընդունված բոլոր օրենքներն ու փաստաթղթերը համարել է անօրինական՝ համարելով այդ ժամանակահատվածը բոլ շևիկյան Ռուսաստանի կողմից օկուպացված լինելու շրջան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ընդգծում է՝ Հայաստանը խնդիր ունի, որ Ադրբեջանը դուրս գա այն բոլոր բարձունքներից, որոնք զավթել է վերջին ժամանակահատվածում: «Այդ բարձունքները նրանց չեն պատկանում: Արդյոք չպե՞տք է որևէ մի գործընթաց սկսելուց առաջ Ադրբեջանի զինված ուժերը վերադառնային իրենց տեղակայման նախկին վայրեր: Տեղի է ունենում հայկական հողերի հանձնում Ադրբեջանին՝ անօրինական, միջազգային իրավունքին հակասող ձևով, Ադրբեջանին, որը ցեղասպանական գործողություններ է իրականացրել ոչ միայն Մարաղայում (խոսում եմ ժամանակակից Ադրբեջանի մասին` չհիշատակելով Սումգայիթը և մնացյալը), այլև 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախում: Սա Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի բնութագիրն է: Հայաստանը պետք է պահանջեր ազատել իրեն պատկանող բարձունքները, դրանց զավթումն ինքնին պատերազմ է, այսինքն՝ Ադրբեջանը շարունակել է և մինչ այսօր էլ շարունակում է պատերազմական գործողությունները: Ո՞ւր են գերիները, որոնք ապօրինաբար պահվում են Ադրբեջանում 2020 թ.-ի դեկտեմբերից սկսած: Եթե այս հարցերն իրեն Հայաստանի կառավարություն կոչող խումբը չի բարձրացնում, դատելով տեղի ունեցողից՝ նշանակում է, որ այս իշխանությունները սպասարկում են թուրք-ադրբեջանական՝ հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: «Խաղաղության խաչմերուկ» կլինի, թե սահմանազատում, դրանք մանիպուլյացիաներն են»,-նշում է մեր զրուցակիցը:
Շեշտում է՝ ուզում է ամոթանք տալ Բլինքենից սկսած մինչև Բորել և Միշել: «Պետք է ինչ աստիճանի՝ միջազգային մակարդակով հանցավոր մտածելակերպ ունենալ, որ խորհրդային սահմանների համար խեղաթյուրում են Ալմա Աթային հռչակագիրը, բայց չեն հիշում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը: Այն խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանում գոյություն ուներ, ինչպես ինքնորոշման իրավունքն իրացրած միավոր: Հազար ամոթ հզոր պետության բարձրաստիճան պաշտոնատար անձին՝ Բլինքենին, որը կրկնում է հանցավոր ձևով խեղաթյուրված Ալմա Աթայի հռչակագիրը: Ադրբեջանը, իրեն հայտարարելով չճանաչված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իրավաբանական առումով առոչինչ է դարձնում իր բոլոր նկրտումները Խորհրդային Ադրբեջանի սահմանների նկատմամբ: Եթե այդքանը չարաշահում է Հայաստանի Հանրապետության օրվա իշխանությունը, դա իրավո՞ւնք է տալիս միջազգային ատյաններին, ԵՄ-ի կարկառուն դեմքերին և Բլինքենին՝ կրկնել միջազգային իրավունքի դեմ հանցագործության բոլոր հատկանիշները պարունակող հայտարարությունները»,-հավելում է ՀԿ նախագահը:
Ասում է՝ մարդկանց դեմ են դուրս եկել «քվազի-լուծաբանները»: «Նրանց վերլուծաբան հնարավոր չէ կոչել: Դրանցից մեկն, օրինակ՝ ասում է, որ Ադրբեջանը, Ռուսաստանը, ընդդիմությունը և հոգևորականները միասին գործ են անում: Բայց գործն իրենք են անում Ադրբեջանի, Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր համաձայնում են իրենց հետ: Հանգիստ թողեք հոգևորականներին, հերիք է ասեք, որ եկեղեցին, հոգևորականներն առանձնացված են պետությունից: Այո, նա զատված է կառավարման համակարգից, բայց զատված չէ ժողովրդից և յուր կարծիքն ունենալու իրավունքից: Ահա այս մակարդակի գռեհիկ մտքեր կրողներ կան՝ հուրախություն միջազգային ամենախոշոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարների, նրանց կողմից ուղղորդվող: Նրանք ներկայացնո՞ւմ են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, ոչ, նրանք պաշտպանո՞ւմ են հայերի իրավունքները, ոչ:
Դատելով արդյունքներից՝ սպասարկում են թուրք-ադրբեջանական հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը: Մյուս քվազի-լուծաբաններից մի կին ասում է՝ ընդդիմությունը, որ դեմ է այսպիսի սահմանազատմանը, ուզում է պատերազմ լինի՞: Սպառնում են Հայաստանին, ոչ թե կոչ անում, որ ուժեղ պետություն դառնանք: Հետո էլ ասում են՝ ո՞ւր են դաշնակիցները: Իսկ ես ուզում եմ հարցնել, թե ո՞ւր է պետությունը: Պետությունը հարստահարելու համա՞ր է: Տուգանքների, հարկերի հաշվին լցվում է բյուջեն, իսկ հետո դա հարամ ձևով օգտագործվում ոստիկանների կողմից, որոնք խոշտանգում են, դաժան ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,-ընդգծում է մեր զրուցակիցը:
Ձերբակալություններ և կալանավորումներ, խոշտանգումներ, ոստիկանական բիրտ ուժի կիրառում: «Այդպիսի խոշտանգումները ներհատուկ են սադիստներին: Նրանք վախկոտ են, տեսել եմ, թե ինչպես են վախենում մի խումբ կանանցից և տղամարդկանցից: Նրանք «վերգոներ» են, ինչպես ասել է դասականը: Ճնշումներն ահագնանալու են, նրանք ինձանից լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ: Այդ վախն է իրենց այսօր ուղղորդում: Ներում չի լինելու, չարի վերջը գալու է: Ժողովրդի պայքարը սկիզբն է: Նրանք խոսում են պատմական Հայաստանի ու պատմության մասին: Շատ ժամանակ չի անցնի, և այս մարդիկ պատմության գիրկը կանցնեն, կանհետանան ճիշտ այնպես, ինչպես քշվում են փտած տերևները հորդառատ անձրևից: Իրենք հավերժ չեն, անցյալ են դառնալու: Մեր հերոսական անցյալ և ներկա ունեցողների անունները հիշվելու են, նրանք հիմա էլ պայքարում են Հայաստանի Հանրապետության համար: Սրանց անունները ջնջվելու են և մնալու է մեկ պիտակ՝ երիտհայեր, դա է մնալու պատմության մեջ»,-եզրափակում է Լարիսա Ալավերդյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում