«Փաստ» օրաթերթը գրում է.
Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ: Հարկավ, իրենից՝ Բագրատ սրբազանից լավ հազիվ թե որևէ այլ ոք կարողանա «բացել» այս «կոդը»: Մյուս կողմից՝ հուշումը չափազանց պարզ է ու մանավանդ ստեղծված իրավիճակում՝ ընկալելի, ուստի կփորձենք մեր ընկալումները ներկայացնել այդ առնչությամբ: Սկսենք «ազգ-բանակից»: Այս բանաձևը ծանոթ է մեր հանրությանը, մասնավորապես, 8 տարի առաջ՝ Ապրիլ յան պատերազմից հետո, պաշտպանության նախարարի կողմից այն դրվեց շրջանառության մեջ՝ ներկայացնելով նաև այդ բանաձևի հետ կապված կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասն անգամ հասցրեց մեկնարկային ուղու մեջ դնել: Այն ժամանակ այս գաղափարը բավականին ակտիվ ծաղրական ու թունոտ մեկնաբանությունների արժանացավ որոշակի շրջանակների կողմից, որոնք այսօր կազմում են Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատը» և նրա հրապարակային աջակիցներն են: Բայց չշեղվենք:
Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է: Դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց հնարավորն իրականություն կդառնա, եթե միավորվեն հանրության կարող ուժերը, բոլոր շերտերը, առաջին հերթին՝ երիտասարդությունը:
Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլ յացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության: Սա, եթե՝ հակիրճ: Այստեղից սահուն անցում պետք է կատարել «ազգ-ամրոց»-ին: Պարզից էլ պարզ է, որ առկա հիմնական վտանգը չեզոքացնելը մի բան է, իսկ դրա ավերակիչ հետևանքները հաղթահարելը՝ մեկ այլ բան: Ավելին, առանց որևէ հուզականության տրվելու, պետք է սթափ գիտակցել, որ երկրում իշխանափոխության, մթնոլորտի ու հոգեվիճակի փոփոխության դեպքում իրենց ողջ թափով առաջին պլան են մղվելու լրջագույն մարտահրավերներ, եթե չասվի՝ մարտահրավերների մի ամբողջ խուրձ. արտաքին-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այդպես շարունակ:
Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»: Այն իմաստով, որ ազգային բոլոր կարողությունները, առկա համընդգրկուն ներուժը (տնտեսականից մինչև գիտական) ծառայեցվեն մեր «ամրոցպետության» պահպանության, պաշտպանության նպատակին: Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որը արագ հանդարտվելու նախանշաններ չունի, «ամրոցային» համախմբումից լավ ելք չկա: Ցավալի է, բայց մենք, որպես ազգ, որպես հասարակություն, թույլ տվեցինք, որ մեզանից խլվի մեր ամրության կարևորագույն բաղադրիչը՝ Արցախը:
Պետք է կարողանալ վերջապես ի մի գալ և պահել այն, ինչն ունենք: Այստեղ արդեն գալիս է «ազգ-տաճարի» մոտեցման կարևոր պահը: Այդպիսի արտահայտություն կա՝ դեպի տաճար տանող ճանապարհի մասին: Բայց գրական-գեղարվեստական հնչող «ազգ-տաճար» բանաձևը ի՞նչ կարող է նշանակել մեր հողեղեն իրականության մեջ: Դա հիմնական հարցն է: Մեր ընկալմամբ, դա նշանակում է, որ մեր երկրի, հասարակության կենսագործունեությունը պետք է խարսխվի ազգային արժեքների, արժեհամակարգի վրա: Բայց ոչ միայն: Նախ՝ պետք է վերականգնել հանրային համերաշխությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, հակառակ դեպքում «ամրոցը» չի դիմանա: Ասվածը նշանակում է նաև սոցիալական համերաշխություն: Սա այն է, ինչը սովորաբար նշվում է որպես սոցիալական արդարություն, բայց համերաշխությունն ավելի ընդգրկուն է:
Սա նշանակում է իրական եղբայրասիրություն, ազգասիրություն և մարդասիրություն, եթե կուզեք՝ իրական ազգային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված կենսագործունեություն: Կարևոր է հասկանալ, որ նշյալները չեն կարող առանձին ծրագրեր լինել, այլ ենթադրում են շաղկապվածություն, մեկը մյուսով փոխլրացվածություն: Բայց եթե հաջողվի իրական կյանքում ապահովել այդ շղթան, ապա, կարծում ենք, կհաջողվի տևական ժամանակով ապահովել մեր պետական գոյությունն այս աշխարհում՝ անկախ աշխարհակարգային փոփոխություններից:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում