Ուկրաինայի հետախուզությունն անմիջական կապ ունի «Կրոկուսի» ահաբեկչության հետ. Բորտնիկով

Ուկրաինայի ռազմական հետախուզությունն անմիջական կապ ունի մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետ։

Հայտարարել է Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:

«Հետաքննությունը շարունակվում է, բայց արդեն կարելի է վստահաբար ասել, որ այդ հարձակման հետ անմիջական կապ ունի Ուկրաինայի ռազմական հետախուզությունը», — ասել է Բորտնիկովը Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում:

ՌԴ ԱԴԾ տնօրենն ընդգծել է, որ ահաբեկչության բոլոր հանգամանքները կպարզվեն, կպատժվեն բոլոր մասնակիցները:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:

ՌԴ քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ: