«Մենք այդ ավանդական մտածելակերպը չունենք, որ առաջնեկը պարտադիր պետք է տղա լինի». Էվելինա Շահիրյանն ու Հովհաննես Ղազարյանը պարզել են երեխայի սեռը

Դերասանուհի Էվելինա Շահիրյանն ու ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն օրերս միջոցառում էին կազմակերպել և պարզել ապագա երեխայի սեռը:

Tert.am Life-ի հետ զրույցում Էվելինան պատմեց, որ միջոցառմանը ներկա էին շատ հարազատ մարդիկ, բարեկամներ ու ընկերներ: Ե՛վ ես, և՛ ամուսինս սպասում էինք, որ տղա է լինելու:

«Զգում էի, ու չսխալվեցի: Որոշել էինք գեղեցիկ ձևով կազմակերպել, մտերիմների հետ նշել, ու դրա համար քաղաքում տուն էինք վարձակալել»,- նշեց դերասանուհին: Նրա խոսքով՝ շատ գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում անցավ: Թեև եղանակն ուզում էր խանգարել, բայց չստացվեց:

«Երկուսիս համար էլ էական տարբերություն չկար երեխան աղջիկ կլինի, թե տղա: Մենք այդ ավանդական մտածելակերպը չունենք, որ առաջնեկը պարտադիր պետք է տղա լինի, ես առհասարակ աղջիկ երեխաներին շատ եմ սիրում, բայց զգում էի, որ տղա է»,- անկեղծացավ Էվելինան: Նա նշեց, որ երեխայի անունն արդեն որոշել են, բայց այս պահին չեն ուզում բարձրաձայնել:

Որպես դերասանուհի ներկայումս զբացված է միայն թատրոնում, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում խաղում է մի շարք ներկայացումներում. «Այս թատերաշրջանն ամբողջությամբ կխաղամ, մյուսից արդեն չեմ կարողանա: Երբ բալիկս ծնվի, շուտ կվերադառնամ աշխատանքի»,- ամփոփեց դերասանուհին:

Հեղինակ Անի Մնացականյան