Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ. ՆԳՆ ՓԾ

ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով սահմանված աղետի գոտում մայիսի 26-ից 28-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել ՆԳՆ փրկարար ծառայության 51 մարտական հաշվարկ, 6 օպերատիվ խումբ, ներգրավված են եղել 456 փրկարարական ծառայող։

«Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 443 մարդ, մասնավորապես՝ 401 Լոռու մարզում և 42 Տավուշում, այդ թվում՝ Սանահին կայարան բնակավայրից ընդհանուր տարհանվել է 137 բնակիչ, 141 բնակիչ շարունակում են մնալ Սանահին կայարան բնակավայրում։

Աղետի հետևանքով զոհվել է 4 մարդ։ Տավուշի մարզում Դեբեդ, Աղստև, Ձորագետ և Տաշիր գետերի վարարման հետևանքով վնաս են կրել Լոռու և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրեր։
Մայիսի 27-ին Կառավարության 772-Ն որոշման համաձայն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում հայտարարվել է աղետի գոտի և սահմանվել տարածքները։

Մայիսի 29-ին, ժամը 09:00-ի դրությամբ Լոռու և Տավուշի մարզերում իրականացվում են աղետից տուժած բնակավայրերի ուսումնասիրման, վնասների գնահատման և նկուղներից ջրահեռացման, ինչպես նաև տարհանման և սննդի ու առաջին անհրաժեշտության պարագաների բաշխման աշխատանքներ։

Աշխատանքներին ներգրավված են 115 փրկարարական ծառայող (Լոռու ՄՓՎ՝ 34, Գեղարքունիք՝ 4, Շիրակ՝ 22, Արագածոտն՝ 16, Կոտայք՝ 16, Երևանի ՓՎ՝ 15, ՀՆՓԱԻԿ՝ 8 ), 16 մարտական հաշվարկ:
ՓԾ տրանսպորտային միջոցներով իրականացվում են հիմնական ճանապարհներից կտրված բնակավայրերին սննդով և այլ առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման աշխատանքներ:

Փրկարար ծառայության ուժերով իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ Սանահին կայարան բնակավայրի հետ ժամանակավոր հետիոտնային կամուրջ ստեղծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 25-ին, ժամը 23։00-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Մայիսի 26-ին ժամը 13։50 ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: