Ավելի քան 100 հայ ուխտավորներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք

Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:

 Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 117 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:

Ամարասը վաղմիջնադարյան քրիստոնեական վանք է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։

«Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում է ուխտավորների ուղեկցումն ու պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, որոնցից է նաև Ամարասը»,-հայտնել է հումանիտար աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը։

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։