Ի՞նչ են տեղափոխում թուրքական բեռնատարները Հայաստանի տարածքով

Տարիներ շարունակ Հայաստանում թուրքական ապրանքները բոյկոտելու կոչերն արդեն իրավական  հիմք ունեն, բայց բազմաթիվ հարցեր դեռևս չունեն միանշանակ պատասխան․  ինչո՞ւ մեր խանութներում թուրքական ապրանքի պակաս չկա, ինչպե՞ս են դրանք  Հայաստան հասնում կամ   ի՞նչ են պարբերաբար տեղափոխում թուրքական բեռնատարները մեր երկրի տարածքով։

Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է թուրքական համարանիշերով բեռնատարների շարասյունն անցնում Տավուշի մարզով։  Հրապարակումն ուղեկցվում է  օգտատերերի  տարակուսանքով՝  ինչպե՞ս են թուրքական ապրանքատեսակները շարունակում մուտք գործել Հայաստան, երբ դրանց ներկրումն արգելված է։ Ի տարբերություն համացանցի օգտատերերի՝ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության  տնօրեն Գագիկ Աղաջանյանն այստեղ որևէ արտառոց բան չի տեսնում։

Ավտոտրանսպորտային միջոցներով ապրանքները ներկրվել և ներկրվում են Հայաստան։ Դրանք սովորաբար գալիս  են կիրակի երեկոյան կամ գիշերային ժամերին, ու դա օրինաչափություն է՝ ասում է զրուցակիցս։

«Բագրատաշենի անցակետը բեռնատարների անցումով ամենածանրաբեռնվածը լինում է կիրակի օրերին։ Դա ստանդարտ իրավիճակ է, այնպես որ՝ այստեղ զարմանալու ոչինչ չկա։ Տրանսպորտային միջոցի վրա որևիցե արգելք չկա, մենք պետք է տարանջատենք տրանսպորտային միջոցների և ապրանքների մուտքը։ Մենք չունենք որևէ օրենսդրական արգելք, որով որևէ երկրի տրանսպորտային միջոցի կարող ենք  արգելել մուտք գործել ՀՀ։  Եթե վաղը ադրբեջանական համարներով մեքենա էլ գա, արգելելու որևէ իրավական հիմք չունենք։ Արգելքը տարածվում է որոշ ապրանքատեսակների վրա»։

Կառավարության որոշմամբ  արգելվում է սպառման համար պատրաստի թուրքական ապրանքների ներկրումը, իսկ արտադրության համար անհրաժեշտ հումքի վրա արգելքը չի տարածվում։ Սա նշանակում է, որ, օրինակ, տեքստիլի տեղական արտադրողները կկարողանան Թուրքիայից հումք ներկրել արտադրության մեջ օգտագործելու համար։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը չի բացառում,  որ թուրքական ապրանքը Հայաստան հասնի նաև զարտուղի ճանապարհներով։  ՊԵԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն էլ տարբեր առիթներով փաստել են, որ Վրաստանի տարածքով թուրքական ապրանք բերելու հնարամիտ փորձեր են եղել, բայց ժամանակին  կանխվել են։ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյան.

«Մենք բոլոր ռիսկերին տեղյակ ենք, գիտենք, թե հնարավոր ինչ ռիսկեր կլինեն։ Անպայման կսահմանափակենք անօրինական գործողությունները»։

Թե որքանով է հաջողվել բացառել թուրքական արգելված ապրանքների մուտքը Հայաստան, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության տնօրենը  չի կարող ասել, բայց ակնհայտ է, որ արգելքը դրական արդյունքներ  արդեն արձանագրել  է։

«Կտրուկ պակասել է սննդամթերքը, եկեք արձանագրենք։ Ես թուրքական արտադրության սննդամթերք Հայաստանի խանութներում վաղուց չեմ նկատել»։

Փոխարենը թուրքական հագուստի պակաս խանութներում կարծես չկա ։ Զանգահարեցինք մի քանի թուրքական  բրենդների խանութներ, որոնք հայտարարել էին՝ տեսականին սպառվելուն պես նորը չեն բերելու կամ փոխելու են այլ տեսականիով՝ ոչ թուրքական։

«Նոր տեսականի ունենք, բայց Չինաստանից ենք բերում, Բանգլադեշից, Վիետնամից»,-պատասխանեց խանութներից մեկի ներկայացուցիչը։

Հստակեցում է պետք  նաև այն ապրանքատեսակների մասով, որոնք արտադրվել են Թուրքիայում, բայց ձեռք են բերվել երրորդ երկրից՝ կարծում է բեռնափոխադրող ընկերության տնօրենը։

«Եթե արգելված է, պետք է արգելել, ու կապ չունի՝ որ երկրում եք ձեռք բերել։ Կարևորը ծագումն է, եթե մենք ծագման դեմ ենք պայքարում։ Ուրեմն՝ պետք է ծագման սերտիֆիկատներից սկսել։ Դա, իհարկե, կկանոնակարգի իրավիճակը և կխստացնի սահմանափակումները»։

 

Նյութի աղբյուր՝  https://hy.armradio.am/