Ոչինչ չեն ունեցել, անգամ լույս չեն ունեցել, բայց ամենաթանկն ու ամենակարևորն են ունեցել․ Սոնա Ռուբենյան

Սոնա Ռուբենյանը նոր գրառմամբ կիսվել է պատերազմից հետո իր ապրումներով, շնորհակալություն հայտնել ծնողներին, որ 90-ականներին չեն արտագաղթել, նաև սովորեցրել են սիրել ու փայփայել հայրենիքը: Երազում է, որ ապագա սերունդը չտեսնի ու չանցնի այն ամենի միջով, ինչի միջով մենք անցանք ու անցնում ենք:

«Երբ ծնողներս փայլուն աչքերով պատմում էին, որ 1993 թվականին, երբ ծնվել եմ, ինչ դժվարություններով են ինձ մեծացրել՝ ութ հարկ ջուր կրել, որպեսզի շորերս լվանան, ամեն օր մեքենայի ծանր մարտկոց ութ հարկ ոտքով բարձրացրել, որ մի թույլ լույսով լամպ վառեն, որ քնեմ, պատերազմի թոհուբոհի միջով անցել, կտրոնով հաց են գնել ու էլի շատ ծանր ու ժամանակակից աշխարհի հետ անհամատեղելի պատմություններ, ապշում ու զարմանում էի, որ դիմացել են, շնորհակալ էի ու եմ, որ չէին արտագաղթել:

Հետո հասկացա, որ ոչինչ չեն ունեցել, անգամ լույս չեն ունեցել, բայց ամենաթանկն ու ամենակարևորն են ունեցել՝ հույս են ունեցել: Պատմում էին, որ պատերազմի դաշտից ամեն օր բաղձալի լուրը ստանալով, որ մեր այս մի շրջանն էլ մեր քաջերի կողմից բորենիներից ազատագրվեց, մոռացության էր տալիս ամեն մի դժվարություն, միանգամից երջանկանում էին, ու վերջ…

Հետո արդեն հաղթանակի բերկրանքը մեզ փոխանցելով՝ մեծացրել են, հայրենիք սիրել են սովորեցրել, պատերազմի ու հաղթանակի մասին գրքեր են տվել, որ կարդանք, պատերազմում իրենց զոհված ընկերների սխրանքների մասին պատմություններ են պատմել, սովորեցրել են սիրել ու փայփայել հաղթանակն ու մեր գիրկը վերադարձած Արցախ աշխարհը…

Մենք մեծացանք, բայց թշնամին չփոխվեց. նույն ագահ ու տմարդ բորենին է: Հավատով սպասեցինք էլի հաղթանակի՝ խաբվեցինք, կոտրվեցինք, փշրվեց մեր վերջին ոսկորը, փոշիացան մեր մանկական երազանքներն ու մեծական պատկերացումները: Մի ամբողջ սերունդ չհասցրեց հայրանալ, մի լույս սերունդ չհասցրեց իր որդուն ու աղջկան պատմել, թե ինչ է հաղթանակը, ցավոք, անարդար պարտության մասին չհասցրին անգամ պատմել: 18-19 տարին նոր բոլորած ջահել-ջիվան երեխեքի մայրերի աչքերը թաց մնացին հավետ: Հայը կրակի տվեց իր տունը, վերջին անգամ համբուրեց հայրենի օրրանի խնկաբույր խաչքարն ու մանկահասակ երեխաներով մազապուրծ փախավ թուրքի ձեռքից, որ ապրի: Մնաց անտուն ու անորոշությունը դարձավ նրա ուղեկիցը:

Ի տարբերություն մեր ծնողների, մենք նրանց տարիքում ունենք լույս, գազ, անկտրոն հաց, ու թվում էր, թե ինտեգրվել ենք 21-րդ դարին ու ժամանակակից մարդ ենք, բայց էլի զարմացանք: Զարմացանք ժամանակակից աշխարհի ու դաժանության չափաբաժնի այս համատեղելիությունից, անպատասխանատվությունից, դավաճանությունից ու անտարբերությունից…

Ուզում եմ, ավելի ճիշտ՝ երազում եմ, որովհետեւ մեզ մնաց միայն երազել, որ մեր երեխաները չտեսնեն ու չանցնեն այն ամենի միջով, ինչի միջով մենք անցանք ու անցնում ենք…

Հավատում եմ, որ երեխաներիս ձեռքը բռնած՝ մի օր տանելու եմ Ղազանչեցոց, ու մոմ ենք վառելու էն տղերքի համար, որոնց հերոսությունների մասին իրենց պատմելու եմ…»,- գրել է երգչուհին: