Հայ գերիներին պահել էին ապակյա խցում. ՄԻՊ-ն արձանագրում է մարդու իրավունքների խախտումները

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ գերիների վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու կոչեր:

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս արձանագրումն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ադրբեջանում երեկ՝ հունիսի 2-ին տեղի ունեցած հայ գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի քրեական գործով դատական նիստից հետո: Նա իր արձանագրումները ներկայացրել է Facebook–ի իր էջում։

Նշենք, որ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը երեկ հայտարարություն տարածեցին , որում ասվում էր, որ Հադրութի հյուսիս-արևմտյան շրջանից ադրբեջանցի զինվորականների ու քաղաքացիական անձանց դեմ դիվերսիա, ահաբեկչություն և այլ հանցագործություններ իրականացրած ընդհանուր առմամբ 14 հայ ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործի նախաքննություն ավարտվել է և ուղարկվել դատարան։

«Նախ, Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են. նրանք գերեվարվել են զինված հակամարտության ժամանակ և հիմա էլ այդ հակամարտությունը չի ավարտվել:

Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ հետապնդումներ են հարուցում, ըստ էության, հենց նրանց այսպես կոչված «խոստովանական ցուցմունքների» հիման վրա»,–նկատում է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ն ընդգծում է, որ ակնհայտ է, որ նման պայմաններում Ադրբեջանում նրանք պահվում են ակնհայտ ապօրինի և գերիներից ցանկացածի նկատմամբ քրեական հետապնդումը կամ դատավարությունը, նրանց կալանքի տակ պահելը միջազգային մարդասիրական իրավունքի, այդ թվում` Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջների կոպիտ խախտումներ են:

Վիգեն Էուլջեկչյան

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրությամբ արձանագրել է, որ, ինչպես երևում էր երեկ ադրբեջանական աղբյուրներով հրապարակված տեսանյութերից ու լուսանկարներից, դատական նիստերի դահլիճում գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ դրսևորվում էր մարդու արժանապատվությունը բացահայտ նվաստացնող վերաբերմունք՝ նրանց պահելով ապակյա խցում ու մեկուսացած վիճակում: Մշտադիտարկումը ցույց է տվել, որ այդ վերաբերմունքն ու հրապարակումներն արվել են այն նպատակով, որ լրացուցիչ հոգեկան տառապանքներ պատճառեն գերիների ընտանիքների անդամներին և լարվածություն առաջացնեն հայկական հասարակությունում»,–ասված է ՄԻՊ–ի գրառման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ այդ տեսարանի հրապարակայնացումը ադրբեջանական սոցիալական մեդիայում արժանացել է գովասանքի, իսկ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի վերաբերյալ հնչել են մահապատժի ենթարկելու և խոշտանգելու, ինչպես նաև նրանց նկատմամբ բռնության տարածված կոչեր:

«Ուստի, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների ու նրանց ընտանիքների իրավունքները, քաղաքականացնում են մարդասիրական հարցերը»,–արձանագրել է Թաթոյանը:

ՀՀ ՄԻՊ–ը նշել է, որ հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի: