Իրանական անօդաչուները հարվածներ են հասցրել Իրաքում ամերիկացի զինվորականների ռազմաբազաներին. NYT

Իրանի կողմից վերահսկվող ուժերը վերջին ամիսներին մի քանի անգամ մարտական անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված ռազմաբազաների, այդ թվում՝ ամերիկացի զինվորականների բազաների վրա, իր աղբյուրներին հղումով գրում է New York Times-ը։

Պարբերականի տվյալներով՝ հարվածներից հետո անօդաչուների բեկորները մասամբ վերականգնվել են և վերլուծությունը ցույց է տվել՝ դրանք արտադրվել են Իրանում կամ Իրանի տրամադրած տեխնոլոգիաների միջոցով։

Նշվում է, որ իրանական անօդաչու թռչող սարքերով ապրիլի 14-ին հարձակում է իրականացվել Էրբիլ քաղաքում գտնվող օդանավակայանի վրա, որտեղ գտնվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օդանավաշենքը (անգար), ինչպես նաև մայիսի 8-ին հարձակում է իրականացվել Իրաքի Անբար նահանգում գտնվող «Այն ալ-Ասադ» ավիաբազայի, իսկ ավելի ուշ նաև Էրբիլի հյուսիսում գտնվող և ԱՄՆ-ի հատուկ գործողությունների միացյալ հրամանատարության կողմից օգտագործվող ավիաբազայի վրա։

Իրաքի խորհրդարանը 2020 թվականի հունվարի 5-ին ձայների մեծամասնությամբ քվեարկել է երկրի տարածքից օտարերկրյա զորքերի դուրսբերման օգտին, ինչպես նաև հանդես է եկել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի հետ համագործակցության ձևաչափի վերանայման օգտին: Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ԱՄՆ-ի գործողության, որի արդյունքում 2020-ի հունվարի 3-ի գիշերը Բաղդադի օդանավակայանի շրջանում սպանվել էր իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին: