Ինչպե՞ս Վրաստան հասնել Լարսով և Բագրատաշենով. հուշում` ՀՀ քաղաքացիների համար

Վրաստանը մեկ շաբաթ առաջ բացել է ցամաքային սահմանները, սակայն շատերը մինչ օրս չեն չգիտեն երկիր մուտք գործելու կարգը, ինչը խնդիրներ է առաջացնում անցակետում փաստաթղթերի ձևակերպման ժամանակ։

Մասնավորապես, խնդիրների են բախվել ՀՀ քաղաքացիություն ունեցող մի քանի ընտանիքներ, որոնք փորձել են Հայաստան հասնել Վրաստանով («Վերին Լարս» անցակետով)։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնեց «Վերին Լարս» անցակետի աղբյուրը, քաղաքացիներին թույլ չեն տվել հատել սահմանը, քանի որ նրանք նախապես չեն լրացրել առցանց գրանցման ձևը։ Նրանք ստիպված են եղել վերադառնալ ռուսական կողմ, լրացնել անկետան, և դրանից հետո նոր միայն նրանց թույլ են տվել Վրաստան մտնել։

Sputnik Արմենիան առաջարկում է ՀՀ քաղաքացիներին ծանոթանալ Վրաստանի սահմանը ցամաքային երթուղիներով` հատելու կարգին` տարատեսակ բարդություններից հետագայում խուսափելու համար։

Կանոնները նույնն են

Ցամաքային ճանապարհով երկիր մուտք գործելու համար Վրաստանի կողմից սահմանված կանոնները նույնն են և տարածվում են ԵՄ երկրների, Շվեյցարիայի, Անգլիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի, ԱՄՆ–ի, ԱՄԷ–ի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի, Իսրայելի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Կանադայի, Քուվեյթի, Մոլդովայի, Օմանի Սուլթանության և Կորեայի քաղաքացիների վրա։

Անկետան պետք է լրացնել registration.gov.ge պաշտոնական կայքում` այս հղմամբ։

Անկետայում քաղաքացիները պետք է լրացնեն տվյալներ քաղաքացիության մասին, նշեն թե որ երկրի ռեզիդենտ են հանդիսանում, նշեն լոկացիայի վայրը (ճանապարհորդության ելակետը), անունն ու ազգանունը, անձնագրի համարը, հեռախոսահամարը։ Անհրաժեշտ է նաև այլընտրանքային կոնտակտային հեռախոսահամար թողնել, լրացնել էլ. փոստի հասցեն, ինչպես նաև Վրաստանում բնակվելու հասցեն։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ունենալ բացասական արդյունքով ՊՇՌ–թեստի պատասխան։ Սահմանը հնարավոր է հատել միայն առնվազն վերջին 72 ժամվա ընթացքում հանձնած ՊՇՌ–թեստի բացասական արդյունք ունենալու դեպքում։ Սա վերաբերում է նաև նրանց, ովքեր մտադիր չեն մնալ Վրաստանում, այլ Ռուսաստանից Հայաստան են գալիս ցամաքային ճանապարհով։ Եթե քաղաքացին մնում է Վրաստանում, ապա ժամանման 3-րդ օրը պարտավոր է կրկնակի COVID-19-ի թեստ հանձնել։

Պատվաստվածների համար

Երկիր մուտք գործելու կանոնները նույնն են նաև այն քաղաքացիների համար, ովքեր արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։  Նրանք ևս պետք է ունենան լրացված գրանցման ձև և ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Տարբերությունն այն է, որ պատվաստված քաղաքացիներն ազատվում են երկրի ներսում կորոնավիրուսի կրկնակի թեստ հանձնելուց։

Ընդ որում` Ռուսաստանից Վրաստան ցամաքային ճանապարհով կարելի է հասնել միայն «Վերին Լարս» անցակետի միջոցով։  Իսկ Վրաստանից` Հայաստան կամ հակառակ ուղղությամբ` «Բագրատաշեն–Սադախլո», «Բավրա–Նինոծմինդա» գործող անցակետերի միջոցով։

Անցակետերը բաց են 10:00-20:00–ն։