Շատ կուզենամ, որ «Չնչիկը» կարծրատիպեր փոխի. Լիլի Էլբակյան

0

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները:

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմում Չնչիկին մարմնավորելու համար:

1or.am-ը դերասանուհու հետ խոսել է մրցանակաբաշխության, մրցանակի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

— Ինչպիսի՞ն էին մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունները, մրցանակներն արժանի՞ հասցեատերերի գտան։

— Մրցանակաբաշխությունը հետաքրքիր էր, իրականում ֆիլմերը, որոնց մասին խոսվում էր, մենք չէինք տեսել: Օրինակ, երբ նայում ենք «Օսկարը», մինչև մրցանակաբաշխությունը պատրաստված ենք լինում, ֆիլմերը դիտած ենք լինում և ավելի հեշտ է դատել՝ արժանի էին մրցանակները, թե ոչ: Բայց այս դեպքում, նույնիսկ փոքր կտորների մեջ երևում էր, որ բավականին օբյեկտիվ է ընտրությունը:

No description available.

— Եթե Դուք լինեիք որոշողը, ո՞ւմ կտայիք լավագույն դերասանուհու կոչումը։

— Ես շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին, երևի իրեն կտայի, հաստատ ինձ չէի տա: Մյուս դերասանուհուն չեմ ճանաչում, չեմ տեսել նրա աշխատանքը: Նարինեին էլ այս ֆիլմում չեմ տեսել, բայց թատրոնում եմ տեսել ու շատ սիրում եմ: Շատ հաճախ մենք միասին առաջադրված ենք եղել էլի նույն անվանակարգում, եղել է, որ թատրում կիսել ենք մրցանակը, ինչի համար շատ հպարտ եմ և ուրախ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր առաջադրված էին, արժանի էին, և անվանակարգերում առաջադրված լինելն էլ արդեն մեծ ձեռքբերում է իմ կարծիքով:

No description available.

—  Ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր Լիլին ու Չնչիկը։

— Լիլին ու Չնչիկը նման են այնքանով, որ երկուսն էլ ունեն իրենց աշխարհը և սիրում են ապրել այդ աշխարհում, այդ աշխարհով: Մնացած բոլոր առումներով շատ տարբեր ենք՝ նույնիսկ արտաքնապես, փորձել էինք լրիվ ուրիշ բնավորություն ստանալ: Այքան ժամանակ անց, երբ նորից նայեցի իմ խաղը ֆիլմում, հիշեցի, որ Արամն ինձ խնդիրներ էր տալիս՝ գտիր, թե ինչպես է ժպտում Չնչիկը, ինչպես է ծիծաղում: Իմ ժպիտը, որը բոլորը գիտեն՝ իմ այցեքարտն է, կարող են թեկուզ հեռվից այդ ժպիտով ճանաչել ինձ նույնիսկ նման չէ Չնչիկի ժպիտին: Ես շատ ուրախ եմ, որ լրիվ ինձնից հեռու մի կերպար եմ ստացել, և կարծում եմ՝ հենց դրանով շահեց այս դերակատարումը, որովհետև իսկապես մանրակրկիտ աշխատանք էր կատարվել բոլորովին այլ աղջիկ, այլ բնավորություն ստանալու համար:

No description available.

— Ես գիտեմ, որ հենց ֆիլմի նկարահանման ժամանակ եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ և, կարելի է ասել, ֆիլմը Ձեզ համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Էլ ինչո՞վ է ֆիլմը նշանակալի Ձեր կյանքում։

— Այո՛, ամուսինս նկարվում էր ֆիլմի էպիզոդիկ դերում: Իր նկարահանումներն արդեն վերջացել էին, բայց անընդհատ մի սուտ էր հորինում, որ մնա Լոռիում: Զգում էի, որ հավանել է ինձ և այնպես արեց, որ մենք ի վերջո ամուսնացանք: Այդ առումով, այո՛, ճակատագրական էր ֆիլմն ինձ համար, ամբողջ կյանքս փոխվեց «Չնչիկ»-ից հետո. սկզբում՝ ազատ-անկախ դերասանուհի, վերջում արդեն՝ ամուսնացած: Ճակատագրական էր նաև նրանով, որ իմ առաջին դերն էր կինոյում, և առաջինի համար շատ լուրջ ու ծանր էր միանգամից: Խելագար խաղալը հեշտ չէ նույնիսկ թատրոնում, իսկ կինոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է. պետք է շատ բնական լինես, գերխաղ չլինի: Իմ առջև, իրականում, շատ բարդ խնդիր էր դրված՝ դեռ չիմանալով, թե ինչ է կինոն, չհասկանալով, թե ինչ է կինոյում նկարահանվելը, արդեն խաղալ այդպիսի պատասխանատու դեր: Այս առումով Արամը և մեր օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես մրցանակի արժացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար, ինձ շատ օգնում էին աշխատելիս:

«Չնչիկը» ճակատագրական էր շատ-շատ բաներով. ես սովորեցի, թե ինչ բան է կինոն, հինգ տարի նկարվեցի, հետո այդ սպասումները, մի ամբողջ կյանք սպասում էի, որ էլի մի լավ ֆիլմ կլինի այդ լրջությամբ, որտեղ ես կնկարվեմ: Շատ կարևորում եմ նաև ծանոթությունն Արամի հետ, ով ֆանտաստիկ ռեժիսոր է, հետաքրքիր, խորը մարդ: Եվ, ընդհանրապես, ամեն ֆիլմ, ամեն ներկայացում, նոր պրոյեկտ, կյանքի մի ամբողջ ընթացք է, որն անցնում ես և այդ փուլի մարդիկ դառնում են քո հարազատները: Կարծես մարդուն վերցնես ու գցես լրիվ նոր, ուրիշ շրջապատ, և դու այդ ընթացքն ապրում ես լրիվ նոր կյանքով՝ նոր մարդկանց հետ և պետք է սովորես , կոփվես, շփվես, ինչը միաժամանակ բարդ է և հետաքրիր:

No description available.

— Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա, առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից։

— Հիմա զբաղված եմ Սունդուկյան թատրոնում, խաղում եմ տարբեր ներկայացումներում: Ի դեպ, «Դեկամերոն» և «Էվրիդիկե» ներկայացումները խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, եթե ուզում են ինձ տեսնել թատրոնում: Շուտով կլինի Բերտոլդ Բրեխտի հարյուրամյակին նվիրված մեծ պրեմիերա, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, ես և մայրիկս նույնպես խաղում ենք: Կան նոր բեմադրության պլաններ, ինչպես նաև սպասում եմ նոր առաջարկների: Սերիալներից հնարավորինս հրաժարվել եմ արդեն երկու տարի է: Ինչ-որ փոքրիկ դերերում նկարվեցի, բայց թատրոնի ծանրաբեռնված գրաֆիկն այնքան էլ թույլ չի տալիս, որ լինեմ սերիալներում, և, անկեղծ ասած, թեմաներն էլ բացարձակ հոգեհարազատ չեն: Սպասում եմ լավ ֆիլմերի առաջարկների: Տրամադրված եմ, որ եթե հետաքրքիր առաջարկ լինի, թեկուզ երիտասարդ ռեժիսորի կողմից, գուցե և համաձայնեմ: Նորություններից կառանձնացնեմ նաև «Գտնված երազ» մանկական ներկայացումը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել:

No description available.

— Ամփոփելով…

Ուզում եմ նշել, որ «Չնչիկ» ֆիլմը հիմա ցուցադրվում է «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում, և ես բոլորին հորդորում եմ անպայման դիտել այն, քանի որ, ինչքան էլ խոսենք, միևնույն է, ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է:

Ընդհանրապես, հայ կինոիրականության մեջ շատ ողբալի է ունենալ որակյալ նկարված լուրջ ֆիլմ՝ դրամա և չունենալ վաճառք: Ես շատ կուզենամ, որ «Չնչիկն» այս առումով իսկապես կարծրատիպեր կոտրի, որ մեզանում միայն լավ փիար արած հումորային ֆիլմերը պահանջարկ չունեն, չնայած՝ ինքս նկարվել եմ նմանատիպ բազմաթիվ ֆիլմերում: Ես ուզում եմ հանդիսատեսը գնա, նայի դրաման և տեսնի, թե այսօր որտեղ է գտնվում հայ կինոն: Բավականին երկարատև աշխատանք է տարվել, փորձել ենք իսկապես որակյալ ֆիլմ ստանալ, և ես շատ կուզեմ, որ հանդիսատեսն անձամբ կարծիք կազմի ֆիլմում իմ դերակատարման և իմ մրցանակի՝ արժանի լինելու մասին:

Մարիամ Նալբանդյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here