Կարելի է ասել՝ կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի. վարակաբան

0

Կառավարության ապրիլի 28-ի որոշմամբ՝ մայիսի 1-ից աշխատանքի վայրում 7 օրը մեկ ՊՇՌ թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կհանվի։ Ըստ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի՝ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 144 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նաև մահվան դեպքերի կտրուկ նվազում, և այս իրավիճակը հաշվի առնելով՝ որոշ սահմանափակումներ հանվում են։

Վարակաբան Արմեն Օհանյանի խոսքով՝ աշխարհի շատ երկրներում արդեն սահմանափակումները չեղարկվել են, դրա համար Հայաստանում էլ նույնն են անում.

«Սահմանափակումների վերացումը, ըստ էության, կարելի է նորմալ գնահատել, բայց չի կարելի դրա համար հիմք ընդունել ներկա պահին երկրում տիրող կոնկրետ իրավիճակը: Այսօր մենք ռեալ չգիտենք՝ ինչպիսին է իրավիճակը, քանի որ մարդիկ ուղղակի չեն գնում հետազոտման, և հայտնաբերման ցածր ցուցանիշը հենց դրանով է պայմանավորված»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը:

Անդրադառնալով սահմանափակումները վերացնելու հետևանքով հիվանդության հայտնաբերման ցուցանիշի հնարավոր աճին՝ վարակաբանը նշեց.

«Եկեք չմոռանանք, որ այս սահմանափակումները որոշակի ձևական բնույթ են կրում մեր երկրում, դրանք շրջանցող մեխանիզմներ միշտ կան: Իհարկե, սահմանափակումների վերացումը որոշակիորեն կնպաստի դեպքերի ավելացմանը, բայց հիմնական գործոնը չի լինի: Հիմնական գործոնը պարբերականությունն է, ժամանակ առ ժամանակ դեպքերի ավելացում դիտվելու է, հնարավոր է՝ մայիսի վերջ-հունիսի սկզբին մենք ունենանք հիվանդացության մակարդակի ակտիվացում: Մենք ռեալ տեսնում ենք, որ մահացության ցուցանիշն էականորեն նվազել է, ինչն ամենակարևոր մասն է, դրա համար էլ, ըստ էության, սահմանափակումները վերացվել են: Կոպիտ ասած, ինչպես ժողովուրդն է սիրում ասել, կորոնավիրուսը վերածվել է սովորական սեզոնային վարակի, որովհետև մահացության ցուցանիշով շատ չի տարբերվում»:

Մարիամ Նալբանդյան

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here