Ինչու Անկարան «հանկարծ» հիշեց հայ-թուրքական սահմանի մասին

0

Հայ-թուրքական «կարգավորման» հատուկ բանագնացների երրորդ հանդիպումից առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ սահմանը (հայ-թուրքական․ խմբ) նորից ճշտելու պայմանավորվածություն կար։ ՀՀ ԱԳՆ-ն հակադարձեց, թե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, նման հարց օրակարգում չկա։

Իր հերթին, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասել էր, որ նման ակնարկ եղել է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների բանակցություններում, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն․ «Այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ-ի ժամանակ և նոր քարտեզը նպատակահարմար չէ։ Ինչո՞ւ է Թուրքիան բարձրացնում այս հարցը՝ կարելի է կռահել»։

Հետաքրքիր է՝ Աղաջանյանը կամ ՔՊ-ական իշխանությունը կռահե՞լ է, թե ինչու է Անկարան բարձրացրել այդ հարցը։ Թե՞ ԽՍՀՄ ժամանակները վկայակոչելով, ցանկանում են այդպիսով «հակակշռել» Բաքվի հետ խորհրդային քարտեզներով սահմանազատումը, այդպիսով ճանաչելով նաեւ Թուրքիան, ինչպես պահանջում է Բաքուն։

ՔՊ-ական իշխանության հարցադրումների անհամարժեքությունը, մանիպուլյատիվ հայտարարությունները կարող են լինել թե անմեղսունակության, թե Մոսկվա-Անկարա ծրագրերը սպասարկելու դրսեւորում։ Այդտեղից է գալիս հարցերն «առանձնացնելու» միտումը, երբ քպ-ականները հայտարարում են, թե Արցախի խնդիրը կապ չունի սահմանազատման հետ, այդ երկուսը կապ չունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, եւ այսպես շարունակ։

Սահմանազատման եւ «Ադրբեջանի» ճանաչման հարցը չէր կարող առաջանալ առանց Արցախում Հայաստանի դեմ պատերազմի եւ եռակողմ հայտարարության, որով վերացվում է Արցախի կարգավիճակը։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա Բաքվի առաջադրած պայմաններով, հայտարարում է Մոսկվան, որի հետ համաձայն է պաշտոնական Երեւանը։ Իր հերթին, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են Բաքվի շահերի համալիրում, հայտարարել է Անկարան։

Արդեն իսկ զուտ պաշտոնական հայտարարությունների վրա հիմնված այս հակիրճ թվարկումից պարզ է, որ գործ ունենք Մոսկվա-Անկարա համաձայնությունների մի ամբողջական փաթեթի հետ, Հայաստանի դեմ պատերազմի եւ «հետպատերազմյա» փուլերով։ Հայկական խորհրդարանական իշխող ու չիշխող ուժերը, քաղաքական դասի, մեդիայի ու քաղաքագիտական հանրույթի գերակշիռ մասը խնամքով խուսափում են այս պլանի պատճառների եւ ընդհանրապես պատճառահետեւանքային կապի քննարկումներից, մնալով կենցաղային մոտեցումների շրջանակում։ Դիտմամբ թե չգիտակցելով՝ էական չէ։

Հայաստանի դեմ 2020-ի արշավի պատճառը 1921 թ․ ռուս-թուրքական Մոսկվա/Կարսի պայմանագրերի իրավական առավելագույն ժամկետի սպառումն էր։ Առանց միջազգային լեգիտիմ ակտերի Մոսկվա-Անկարա ներկայիս ծրագրով պետք է օրինականացվի սահմանների նոյեմբեր 9-ի ստատուս քվոն եւ խախտի Մոսկվայի/Կարսի պայմանագիրը ի վնաս Հայաստանի։ Նախիջեւանը, որը հայկական ինքնավարություն է Բաքվի պրոտեկտորատի ներքո, փոխանցվում է Բաքվի լիակատար եւ բացառիկ իրավասությանը: Արցախի հարցը փակվում է ինքնաբերաբար։ Բաքվի հետ սահմանազատմանը բնականաբար պետք է հետեւի Անկարայի նմանատիպ պահանջը՝ օրինականացնելու 1921-ին Ռուսաստանի հետ Հայաստանի մասնատման արդյունքները։

Այս ամենը 100-ամյա վաղեմության ռուս-թուրքական նպատակն է՝ հայկական պետականության ոչնչացում: Ի՞նչ են սրան պատրաստ եւ ընդունակ հակադրել հայկական «վերնախավերը»։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here