ԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանը նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից, ինչից հետո դիմել էր դատարան՝ այդ հրամանն անվավեր ճանաչելու համար: Դրանից հետ Գեւորգյանը նշանակվել է ԵՊՀ ռեկտորի ժ/պ, սակայն հայցից չի հրաժարվել:

Ավելին, ինչպես դատարանի վճռից է բխում, Գեւորգյանը, լինելով ԵՊՀ ռեկտորի ժ/պ, չի ապահովել ԵՊՀ շահերի պաշտպանությունը դատարանում: Դատարանի վճռում նշվում է, որ ԵՊՀ-ն խնդրել է դատարանին գործը լուծել դատարանի հայեցողությամբ: Սա՝ այն դեպքում, երբ Գեղամ Գեւորգյանը վարձել է փաստաբան իր անձնական շահերի պաշտպանության համար` նրան վճարելով մեկ միլիոն ՀՀ դրամ:

Այս տարվա հունիս 26-ին դատարանը մասնակի բավարարել է Գեղամ Գեւորգյանի հայցը եւ պարտավորեցրել ԵՊՀ-ին՝ Գեղամ Գեւորգյանին վճարել շուրջ մեկ տարվա հարկադիր պարապուրդի գումար (այն դեպքում, երբ Գեղամ Գեւորգյանը պարապուրդի մատնված չի եղել նույն բուհում եւ այդ ընթացքում զբաղեցրել է ռեկտորի ժ/պ-ի պաշտոնը), ինչպես նաեւ աշխատանքային գործով աննախադեպ 1 միլիոն դրամ՝ որպես փաստաբանի ծառայության վճար:

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Գեւորգյանի հանձնարարականով ԵՊՀ-ն նույնիսկ բողոք բերելու իրավունքից է զրկված: ԵՊՀ անունից բողոք ստորագրողը հենց Գեղամ Գեւորգյանը պետք է լինի, բայց պարզ է, որ նման հանձնարարական իր շահին հակառակ չի տալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում