Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է

Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի, նույն ինքը՝ Գռզոյի, կրտսեր եղբոր և թիկնապահի կողմից մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպը տեղի է ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։ 2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 04:00-ին, քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Նար-Դոս փողոցում գտնվող ՓԲ ընկերության գրասենյակում երկու անձինք, հարվածներ հասցնելով, իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, իրենից պահանջել են 200.000 ԱՄՆ դոլար գումար և ստիպել են ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, ապա այդ գումարը ստանալու նպատակով իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ իր կամքին հակառակ պահելով նշված գրասենյակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով։ Օնիկ Կարապետյանը գործով տուժող է ճանաչվել։

Համացանցում տարածվել էին նաեւ լուսանկարները՝ նրա նկատմամբ կիրառված բռնության հետեւանքների ապացույցներով։

Դեպքը ստացավ հանրային մեծ հնչեղություն, առավել եւս երբ այն կապվում էր հայտնի գործարար Գռզոյի՝ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի անվան հետ, ինչից հետո տուժողն ընդհատակ է անցել եւ խուսափում է մամուլի հետ շփումներից, իսկ քրեական գործով էլ նախաքննությունն առաջ չի շարժվում, որեւէ մեկի մեղադրանք չի առաջադրվել։

Նշենք, որ Գռզոյի շուրջ ակտիվություն նկատվեց 2018 թվականի իշխանափոխությունից հետո եւ շրջանառվող տեղեկությունների համաձայն իշխանությունների հետ գտնվում է բարյացակամ հարաբերությունների մեջ ու բացառված չէ, որ հենց այս հանգամանքը շորթման ու բռնության զոհ դարձած գործարարին դրդում է որոշակի զգուշավորության, քանզի վստահ չէ, որ մեղավորները կպատժվեն, ինչպես եղավ ծեծված եւ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի գործով։ Հիշեցնենք, որ այս գործով շոշափվում էր մարզպետի անունը, բայց մարզպետին մեղադրանք չառաջադրվեց, իսկ գործն էլ դատարան ուղարկվեց միայն մեկ մեղադրյալի մասով, թեեւ անգամ նախաքննական մարմինը հաստատված էր համարել, որ փոխգնդապետին ծեծել են խմբով, իսկ խմբի մյուս անդամներն այդպես էլ մնացին չբացահայտված։

Աղբյուր` Փաստինֆո