Մեր հոգևորականները պետք է համերաշխություն քարոզեն, այլ ոչ թե նվաստացնեն մարդկանց. Արման Վարդանյանը` Եզրաս Սրբազանին (տեսանյութ)

Ինձ համար ընդունելի չէ, որ Եզրաս Սրբազանը, ով պետք է ապահովի Ռուսաստանի Դաշնության համայն հայության ներդաշնակությունն ու համերաշխությունը, հանգիստ նայում էր, թե ինչպես են Աստծու տաճարում նվաստացնում ու վիրավորում մոլորյալ գործարար Սարիբեկ Գևորգյանին և որևէ կերպ չէր միջամտում: Այս մասին իր տեսաուղերձում ասաց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը` անդրադառնալով «Шёлковый Путь» առևտրի կենտրոնի սեփականատեր Սարիբեկ Գևորգյանի և ռուսաստանաբնակ ջավախահայ Նորայր Թևանյանի ու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասնակցությամբ միջադեպին:

«Ես պաշտպանում և պաշտպանելու եմ մեր Հայ Առաքելական եկեղեցու արժեքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա ավելորդություններ խոսել մեր եկեղեցական, քրիստոնեական արժեքների մասին»,- ասաց Վարդանյանը` շեշտելով, որ, այնուամենայնիվ, մեր հոգևորականներն իրենց գործելաոճով և նիստուկացով  նույնպես պետք է համապատասխանեն այդ արժեքներին: «Եկեղեցին չպետք է վերածվի հարցեր լուծելու վայրի»,- ընդգծեց «Միասնություն» շարժման ղեկավարը:

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին` Վարդանյանը նշեց. «Ես դեմ եմ հանքերի շահագործմանը, դեմ եմ, որ ինչ-որ մեկը կամ որևէ ընկերություն հարստանա իմ հայրենակիցների հաշվին: Ես, բնականաբար, աջակցում եմ նրանց, ովքեր պայքարում են, որ Ամուլսարը սար մնա»:

Արման Վարդանյանը նաև ցավակցություն հայտնեց օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված հայերի հարազատներին ու մերձավորներին և առողջություն մաղթեց վիրավորներին:

«Այս ողբերգությունը ստիպեց մեզ մտածել, որ Հայաստանը կարիք ունի հայրենադարձության, որը բխում է և՛ սփյուռքում ապրող հայերի, և՛ մեր պետական անվտանգությունից»,- նշեց նա, ապա հավելեց.

«Բեյրութում տեղի ունեցածի պատճառը քաղաքական անմեղսունակությունն ու իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմն էր, ինչը, ցավոք սրտի, որոշակիորեն նկատում ենք նաև Հայաստանում: Եկել է ժամանակը, որ մեր իշխանությունները սթափվեն և երկիրը ղեկավարեն պրոֆեսիոնալ կադրերով, այլապես նրանք ստիպված կլինեն զիջել իրենց տեղը ուրիշներին»: