«Գեորգիի հետ կարող եմ ինչ-որ հարց քննարկել, երբ կուշտ է». Լուիզա Ղամբարյան

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այս շրջանում դադարի մեջ է: Բանն այն է, որ ավարտվել են «Արմատներ» հեռուստասերիալի նկարահանումները, իսկ թատրոնում հարկադրված դադար է: Tert.am Life-ի հետ զրույցում Լուիզան պատմել է նոր նախագծի, թատրոնը կարոտելու և այն հիմնական նախասիրության մասին, որը լցնում է իր առօրյան այս օրերին:

«Արմատներ» հեռուստասերիալը դեռ երկու շաբաթ եթերում կլինի: Ամսվա վերջին կսկսվեն նոր հեռուստասերիալի նկարահանումները, որը եթերում կլինի սեպտեմբերից: «Որքան էլ նույն թիմով ենք, նոր կերպարս շատ է տարբերվում նախորդից, ուստի` վստահ եմ, որ հեռուստադիտողը դրանք չի շփոթի: Սցենարը հնարավորություն է տալիս ներկայանալ այլ կերպով, ինչն արդյունավետ մարտահրավեր է ինձ համար` ապացուցելու, որ կարելի է նույն կազմում ներկայանալ այլ ձևով: Այլ նախագծերում այս պահին զբաղվածություն չունեմ»,-ասաց նա:

Արդեն մի քանի ամիս է` թատրոնները փակ են: Լուիզայի խոսքով` բեմը շատ է կարոտել. «Իմ կարիերայի ընթացքում բացառապես հղիությանս շրջանում չեմ եղել բեմում: Այդ ժամանակահատվածն այնքան յուրահատուկ էր, որ կարոտն այս կերպ չէի զգում, բացատրելը մի փոքր բարդ է: Կյանքիս կեսից ավելին բեմում եմ ապրել: Չեմ կարոտում հանդիսատեսի արձագանքը, ծափերը, դրանք ինձ համար կենսական նշանակություն չունեն: Ինձ համար կարևոր է լինել բեմում, արարել այնտեղ: Վստահ եմ` բոլոր կոլեգաներս արդեն ստացել են կարոտի բավականաչափ չափաբաժինը»:

Դերասանուհին ասաց, որ հեռուստատեսային դադարները դերասաններն այլ կերպ են տանում, իսկ թատրոնային դադարներ չեն սիրում: «Ֆենոմեն կա դրա մեջ, ես երբեք չեմ մտածել թատրոնում դադար տալու մասին։ Մշտապես նոր դերեր եմ ցանկացել խաղալ, ունեցել եմ այդ պահանջը, չեմ վախեցել կրկնվելուց,-ասաց նա և պարզաբանեց, որ հեռուստադիտողի ու թատրոնի հանդիսատեսի պահանջները շատ տարբեր են: -Դու, հաճախ, կախված ես տնային տնտեսուհիներից, որոշակի մակարդակ ունեցող մարդկանցից, որոնց հեռուստացույցի դիմացից թատրոն կարող ես բերել քո խաղով: Այնպես որ, եթերային աշխատանքին ևս պետք է լուրջ մոտենալ, այն ճանաչում է տալիս»:

Քանի որ այս օրերին ազատ ժամանակ շատ ունի, Լուիզան հաճախ է զբոսնում ամուսնու և դստեր հետ, զբաղվում ընթերցանությամբ: Ասում է` այդ պահերին հեռախոսը հեռու է տանում իրենից, որ չգայթակղվի ու օնլայն չլինի:

Մյուս հետաքրքրությունը, որը լցնում է Լուիզայի օրը` խոհանոցն է: Նա նշեց, որ շատ է սիրում խոհանոցում լինել և համեղ է պատրաստում: «Դրա ցուցիչն այն է, որ ովքեր համտեսում են իմ պատրաստածը, հավելյալ չափաբաժին են պահանջում: Գեորգին իմ մատուցմամբ բոլոր ուտեստները սիրում է: Չնայած տեսակով պահպանողական է ու նորույթներ չի սիրում, իմ նորույթներն ուտում է: Կարող է իմ պատրաստած ավոկադոն, բրոկոլին ուտել, բայց նույն բաղադրությամբ ուտեստը չուտել ռեստորանում: Գեորգին սուբյեկտիվ չէ, գուրման է ու եթե ուտեստը չհավանի, չի ուտի: Նրան իսկապես դուր են գալիս իմ պատրաստածները, ինչի համար ուրախ եմ, քանի որ շատ է աշխատում, պետք է լավ սնվի,- ասաց նա` ընդգծելով, որ դուստրը` Գաբին, մի փոքր բծախնդիր է: -Նրա համար հաճախ նրբաբլիթներ եմ պատրաստում մրգային, կաթնաշոռային թանձրուկներով»:

Լուիզան նաև ասաց, որ համաձայն է հայտնի արտահայտության հետ, որ տղամարդու սիրտ տանող ճանապարն անցնում է ստամոքսով: «Տղամարդու ստամոքսի հարցերը լուծելուց հետո կինը կարող է հասնել անհնարինին: Գեորգին ասում է, որ սոված ժամանակ իրեն ոչինչ չասեմ: Միայն երբ կուշտ է, կարելի է նրա հետ հարցեր քննարկել: Ի դեպ, ինքն էլ խոհանոցում գլուխ հանում է, քանի որ մինչև ինձ հետ ամուսնանալը միայնակ է ապրել: Եթե անհրաժեշտ է լինում, պատրաստում է, ինձ օգնում է: Օրինակ` հիմա կանաչ լոբի եմ պատրաստում ձմռան համար: Գեորգին ինձ օգնում է լոբին կտրատելու հարցում, ինչը շատ հաճելի է: Առանց նրա էլ կարող եմ անել, բայց այդ ամենի մեջ ընտանեկան հոգատարություն կա»: