Ավելի քան 4 մլն դոլարի վնաս. բախվել են Bugatti Chiron-ը, Porsche 911-ն ու Mercedes-Benz C-Class-ը (լուսանկարներ, տեսանյութ)

Շվեյցարական Ալպեր տանող մայրուղիներից մեկի վրա տեղի է ունեցել «թանկարժեք» ավտովթար՝ Bugatti Chiron-ի, Porsche 911-ի և Mercedes-Benz C-Class-ի մասնակցությամբ, գրում է Luxury Launches-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Chiron-ն ու 911-ն ընթանում էին C-Class-ի հետևից, սակայն Chiron-ի անհամբեր վարորդը որոշել է առաջ անցնել մյուս երկուսից: 911-ի վարորդը նույն ընթացքում ևս որոշել է առաջ անցնել, ինչի հետևանքով Chiron-ը բախվել է Porsche-ին, որն էլ, դուրս գալով վերահսկումից, բախվել է Mercedes-ին:
Դատելով համացանցում տարածված տեսանյութերից՝ 911 Carrera GTS-ն ամբողջովին ջարդուփշուր է եղել: Bugatti-ի պարագայում վնասվել է մեքենայի առաջնամասը:

Ավտովթարի հետևանքով, ընդհանուր առմամբ, հասցվել է 4,06 մլն դոլարի վնաս: Պատահարի հետևանքով զոհեր չկան, հոսպիտալացվել է միայն Mercedes-ի ուղևորը: