Նիկոլ Փաշինյանը նոր պաշտոն է նախատեսել իր զարմիկ Սիփան Փաշինյանի համար, բայց սա դեռ ամենը չէ

«Իրավունք» թերթը գրում է. «Առնետները սովորաբար լքում են խորտակվող նավը, սակայն քաղաքական առնետավազքը երբեմն բթացնում է խորտակման վտանգն ու ողբերգությունից փրկվելը դառնում է անհնարին…

Ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում հայտնված Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում որդեգրել են «սգահան» լինելու իրենց տարբերակը, իսկ ահա իրականության զգացումը կորցրած «առնետները» կարծես թե չեն պատրաստվում առիթը բաց թողնել և հրաժարվել թակարդի բուրավետ պանիրներ խժռելու իրենց ցանկությունից:

Իջևան քաղաքում վերջին օրերին բավականին սկանդալային լուրեր են շրջանառվում: Փաշինյանամերձ շրջանին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ Իջևան քաղաքում վերջին օրերին սենսացիոն լուրերը շատերի զարմանքն են հարուցել:

Մեր աղբյուրի խոսքով` Նիկոլ Փաշինյանի գլխում նոր «հանճարեղ» գաղափարներ են հղացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետի պաշտոնը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ թափուր է, պետք է ստանձնի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Մեր աղբյուրի պնդմամբ` ուշագրավ է այն, թե ով է փոխարինելու Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին: Մեր աղբյուրը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը քանի որ քաջ գիտակցում է, որ Իջևանի քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը Իջևանում չսիրված և հասարակության կողմից չընդունված մեկն է, այդ իսկ պատճառով վերջինս որոշել է մարզպետի պաշտոնը նվիրել հենց նրան` զերծ մնալով առաջիկայում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունների խայտառակ պարտությունից:

Մեր աղբյուրը նաև նշում է, որ Նիկոլ Փաշինյանի նոր որոշմամբ` Իջևանի քաղաքապետի թեկնածու առաջիկայում առաջադրվելու է ԱԺ պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանը: Մեր աղբյուրի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանը անցյալի ազդեցության տակ է մնացել և կարծում է, թե Սիփան Փաշինյանը վայելում է նախկինում ունեցած էյֆորիկ սերն ու հարգանքը»: