Նոր օրենք՝ վարորդների համար.Հունվարի 1-ից որոշ վարորդներ պետք է ճանապարհային վճար վճարեն

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, այս օրենքում փոփոխության նպատակը  Ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծում եւ ճանապարհային վճարի ներդրումն է:

Մասնավորապես օրենքում ամրագրված է «ճանապարհային վճար» հասկացությունը, որը  Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով  Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է:

Այսպիսով, ովքեր պետք է վճարեն ճանապարհային վճար.

  1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն անվճար է, բացառությամբ 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների և «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ:
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված (հաշվառված), ինչպես նաև չգրանցված (չհաշվառված) 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով, Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները վճարում են ճանապարհային վճար:

Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական (միջպետական և հանրապետական նշանակության) ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության ճանապարհային վճարի դրույքաչափը

  1. Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվում է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 (հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամը ներառյալ:
  2. Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանում ՀՀ կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողները` այդ փոխադրումների համար:

Հավելենք, որ սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից: