Հայաստանը պետք է պատրաստ լինի արաբական աշխարհում ապագայում տեղի ունեցող գործընթացներին․ արաբագետ

21-րդ դարում նոր իրողությունների կոնտեքստում արաբական աշխարհի որոշ երկրներ պետք է նոր քայլեր և տեսլականներ մշակեն, որպեսզի կարողանան դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, այլապես այդ երկրներում իրավիճակը էլ ավելի կսրվի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տավուշի մարզի Այգեպար համայնքում անցկացվող «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովի ժամանակ այս կարծիքը հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«21-րդ դարի նոր իրողությունների կոնտեքսում մենք պետք է տեսնենք մեզ հայտնի երկրների մոտեցումներում որոշակի փոխակերպումներ։ Եթե ստացվի այդ փոխակերպումները, հետևաբար կունենանք ստացված փորձեր տարածաշրջանում, չի հաջողվի՝ կտեսնենք նոր էլ ավելի սրվող իրավիճակ»,- ասաց Գրիգորյանը։

Արաբագետի կանխատեսումները լավատեսական չեն։ Գրիգորյանը կարծում է, որ տարածաշրջանը մոտ ժամանակներում կդառնա շատ ավելի անվերահսկելի և անկախատեսելի։

«Այդ զարգացումներին պետք է պատրաստ լինենք, որովհետև շատ մոտ ենք այդ տարածաշրջանին և այդ գործընթացները կարող են բումերանգի էֆֆեկտով ազդեն նաև մեզ վրա։ Այնպես որ, մենք՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, պետք է պատրաստ լինենք այդ գործընթացներին»,- ասաց Գրիգորյանը։