ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ողբերգական վթար Երևանում. Կա 1 զոհ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում վարորդ Սարգիս Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր ավտոմեքենան շահագործվում է «Յանդեքս տաքսի» և ուղևորի՝ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Հակոբ Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է և ինքը, խառնվելով իրար, փորձել է օգնություն ցուցաբերել, ինչից հետո բախվել է բետոնե պատնեշին, իսկ Հակոբ Ա.-ն մահացել է:

Փաստի առթիվ Ա. Ադամյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: