Ինչպես են դասերն ընթանալու դպրոցներում. Պարետը նոր որոշում է ստորագրել

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության կայքից։

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական տարվա առաջին կիսամյակը պարունակում է 13 շաբաթ:

Ուսումնակրթական գործընթացը իրականացվում է ուղեցույցով սահմանված կանոնների պահպանմամբ, որը պարտադիր է բոլոր հաստատությունների համար՝ անկախ իրավակազմակերպական ձևից: Առողջ և անվտանգ աշխատանքային ու կրթական միջավայր ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հանրակրթական հաստատության տնօրենը։ Պահաանջների կատարումը պարտադիր է դպրոցի բոլոր աշխատակիցների, ծնողների և աշակերտների համար:

Դպրոցները

ապահովվում են դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների՝ առնվազն 1 շաբաթվա պահուստով,

օրվա ընթացքում անձնակազմը և աշակերտներն ապահովվում են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով, հեռավար օգտագործման ջերմաչափով՝ առնվազն դպրոցի մուտքերի թվով։

դասարանները բաժանում են առավելագույնը 20 սովորող ունեցող խմբերի: Եթե դասասենյակի մակերեսը հնարավորություն չի տալիս ապահովել սոցիալական հեռավորություն 20 սովորողի համար՝ դասարանը բաժանում են 10-հոգանոց խմբերի:

դասագրքերի բաշխումը իրականացնում են օգոստոսի 20-ից սեպտեմբերի 10-ը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Դասացուցակ

Դպրոցներում սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ, ըստ անհրաժեշտության կարող է սահմանվել երկհերթ ռեժիմ։

Մինչև 20 սովորող ունեցող դասարանները դպրոց են հաճախում շաբաթվա վեց օրը՝ ըստ դասացուցակի:

Երկու խմբի բաժանված դասարանի խմբերից յուրաքանչյուրը դպրոց է հաճախում շաբաթական երեք օր:

Խմբերի դասացուցակը կազմվում է իրար հաջորդող դասերի և ինքնուրույն աշխատանքի օրերի համար:

Ինքնուրույն աշխատանքի օրերին սովորողները ուսուցչի հանձնարարած աշխատանքը կատարում են տանը։

Ուշադրություն. Դպրոցներում բուֆետների և ճաշարանների աշխատանքը արգելվում է։

Ռիսկային խմբի սովորողը

Այն սովորողները, ովքեր ունեն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կորոնավիրուսի ռիսկային խմբի հիվանդություններից որևէ մեկը, չեն հաճախում դպրոց: Նրանց ուսուցումը կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով:

Այդ հիվանդություններն են.

արյան բարձր ճնշում

շաքարային դիաբետ,

սրտի հիվանդություն,

սրտի կամ գլխուղեղի կաթված (ինսուլտ),

քրոնիկ շնչառական հիվանդություն,

քաղցկեղ։

Դպրոց գալուց առաջ

Դպրոց գալուց առաջ ծնողները կամ օրինական ներկայացուցիչները կատարում են երեխայի ջերմաչափում։ 37 և բարձր ջերմություն ունենալու դեպքում դիմում են բնակավայրի բուժհաստատություն և տեղեկացնում դպրոցին՝ երեխայի դպրոց չհաճախելու մասին:

Եթե տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ, ապա բացառվում է երեխայի հաճախումը դպրոց:

Սովորողի մուտքը դպրոց առանց դիմակի արգելվում է: Դիմակ չունեցող սովորողներին դպրոցը մուտքի մոտ կտրամադրի մեկանգամյա օգտագործման դիմակ:

Ծնողները իրականացնում են ծնող-ուսուցիչ համակարգված հաղորդակցություն և աջակցում, որ ունենանք «Առողջ և ապահով դպրոց»։

Առավել մանրամասն՝Այստեղ