Ընդ­դի­մա­դիր դաշ­տի տե­ղա­շար­ժերն ու Հան­րա­պե­տա­կա­նի «ռես­տավ­րա­ցի­ան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ներքաղաքական կյանքում ակտիվ փոխատեղումներ և դերաբաշխումներ են տեղի ունենում։ Եվ հատկապես լուրջ տեղաշարժեր են ընդդիմադիր դաշտում, որտեղ ներկայացված ուժերի պակաս չկա, իսկ ժամանակի ընթացքում ստեղծվում են նորերը։ Ուստի ամենակարևոր հարցն այն է, թե ինչպիսի դասավորություն է ունենալու ընդդիմադիր դաշտը աշնանը, քանի որ առաջիկայում կանխորոշվելու է, թե որ քաղաքական կուսակցությունը կամ քաղաքական ուժերի դաշինքը լուրջ դիրքեր կարող է գրավել քաղաքական դաշտում։

Մենք սկսում ենք շարք, որի շրջանակներում պարբերաբար կանդրադառնանք դաշտում գործող քաղաքական ուժերին: Բնականաբար, ընդդիմադիր քաղաքական ուժերի հիմնական գործերից մեկը լինելու է բովանդակային քննադատությունը, երբ նրանք մատնանշելու են իշխանությունների թերությունները և սխալները, բայց, ինչպես միշտ, ընդդիմության գլխավոր նպատակը մնալու է ժողովրդի վստահությանը արժանանալու և իշխանության հասնելու հարցը։

Պետք է ուշադրություն դարձնել, որ ընդդիմադիր դաշտում ներկայացված ուժերի մեջ կան նաև այնպիսինները, որոնք տարիներ շարունակ եղել են իշխանության մեջ, և անգամ այնպիսի ժամանակներ են եղել, որ իշխանության հիմնական քաղաքական պատասխանատվությունը ընկել է մեկ կուսակցության ուսերին։ Սակայն աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն քաղաքական ուժերը, որոնք շատ երկար տարիներ իշխանության առանցքն են կազմել, իշխանությունից հեռանալուց հետո քաղաքական դերակատարության առումով նոր խնդիրների են բախվում, և շատ դժվար է լինում իշխանությունից հեռացված լինելու մտքի հետ համակերպվելը, առավել ևս՝ «ռեստավրացիան»։

Այս տեսանկյունից հետաքրքրական է Հանրապետական կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակը։ Չնայած իշխանափոխությունից հետո ակտիվ խոսակցություններ էին շրջանառվում, թե այս կուսակցությունը քաղաքական շոկից այդպես էլ դուրս չի գա, բայց, ինչպես տեսնում ենք, այն ոչ միայն դուրս չմղվեց քաղաքական դաշտից, այլև պահպանեց իր տեղը արտախորհրդարանական ընդդիմության շրջանակներում, իսկ մի շարք բովանդակային հարցեր առաջ մղելու հարցում էլ առաջատար դերակատարություն է ստանձնել։

Եվ բավական ուշագրավ է, որ անգամ գործող իշխանություններն էլ իրենց հերթին ամենաշատն անդրադառնում են ՀՀԿ-ի քննադատություններին, համեմատականներ տանում անցյալի ու ներկայի միջև և, ըստ այդմ, փորձում սևացնել բոլոր այն երևույթները, որոնք տեղի են ունեցել անցյալում։ Դրա համար էլ օրակարգ է բերվել նորերի և նախկինների մասին դիսկուրսը, և պատահական չէ, որ այս համատեքստում որպես գործող իշխանություններին այլընտրանք դիտարկում են հենց «նախկինները»։ Ճիշտ է՝ անցած տարիների ընթացքում միայն բացասականը չէ, որ եղել է, այլև դրական զարգացումներ ու առաջընթաց ևս տեղի են ունեցել, այնուամենայնիվ պարզ է, որ անցյալին վերադարձ չի լինելու։

Եվ նույնիսկ այս մասին հայտարարեց նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ եթե անցյալին վերադարձ չի լինելու, ապա ինչո՞ւ է տասը տարի իշխանության ղեկին գտնվող ուժը քաղաքական գործընթացներում ակտիվացնում իր դերակատարությունը։ Մամուլում ևս գրվում է, որ այս կուսակցության կենտրոնական ապարատում և տարածքային կառույցներում ակտիվ աշխատանքներ են տարվում, հանդիպումներ, քննարկումներ են կազմակերպվում և այլն։

Նպատակը թերևս այն է, որ Հանրապետականը փորձում է նորովի և ռեստավրացված տեսքով ներկայանալ հանրությանը։ Եվ մի կողմից էլ այս կուսակցությունը ձգտում է հանրության շրջանում նոր իմիջով հանդես գալ ոչ միայն ներքաղաքական օրակարգի տեսանկյունից, այլև ի ցույց դնել իր վճռորոշ դերակատարությունը արտաքին քաղաքական ասպարեզում։ Խնդիրն այն է, որ երկար ժամանակահատված իշխող ուժ լինելով՝ Հանրապետականը միջազգային հարթակում լուրջ գործընկերային կապերի է տիրապետում։

Դա է վկայում այն, որ ՀՀ երրորդ նախագահը պարբերաբար հանդիպումներ է ունենում ՀՀ-ում հավատարմագրված տարբեր դեսպանների և այլ միջազգային կառույցների ու հիմնադրամների ներկայացուցիչների հետ։ Լայնորեն օգտագործվում են նաև ԵԺԿ-ի հետ կապերը, որը մեծ ազդեցություն ունի եվրոպական քաղաքականության կառուցման հարցում։

Բայց այն հարցը, թե առաջիկա ակտիվ քաղաքական զարգացումներում կոնկրետ ինչ դերակատարություն կստանձնի ՀՀԿ-ն, դեռևս դժվար է ասել։ Նախ՝ պետք է կարողանալ ընդդիմադիր դաշտում դառնալ առանցքային ֆիգուր, որի համար պայքարում են բազմաթիվ ընդդիմադիր ուժեր։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում