Գոռ Մալաքյանը կմնա ազատության մեջ. դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մալաքյանների պաշտպան Գոռ Միքայելյանը։

Ավելի վաղ դատարանը բավարարել էր քննիչի մյուս միջնորդությունը՝ Գոռ Մալաքյանի եղբորը՝ Էդգար Մալաքյանին, կալանավորելու վերաբերյալ։ Էդգար Մալաքյանը մեկ ամիս կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ եղբայրները երեկ՝ սեպտեմբերի 3-ի երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության ՁՊՎ-ից. լրացել էր ձերբակալման 72 ժամը, իսկ դատարանը դեռ չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին։

Նշենք, որ Գոռ Մալաքյանը «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ նրա եղբայրը խաղում է Երեւանի «Արարատում»։

Ֆուտբոլիստ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, 26-ամյա եւ 29-ամյա ֆուտբոլիստ եղբայրները ընկերոջ եւ մի քանի այլ անձանց հետ գտնվել են «Կասկադին» հարող սրճարաններից մեկում: Նշված ժամանակահատվածում ՃՈ 2 տեսուչներ ծառայություն իրականացնելիս նկատել են կանգառ-կայանման կանոնները խախտած՝ եղբայրների ընկերոջը պատկանող ավտոմեքենան եւ բարձրախոսով ներկայացրել մոտենալու պահանջ: Վերջինիս, տեղեկացնելով վարչական իրավախախտման վերաբերյալ փաստը, կազմել են համապատասխան արձանագրություն: Այդ պահին նրանց են մոտեցել ոչ սթափ վիճակում գտնվող 2 եղբայրները, պահանջել տեսուչներից իրենց մարզիկ ընկերոջը պատասխանատվության չենթարկել, եւ մերժում ստանալով՝ դիտավորությամբ խոչընդոտել են ոստիկանների ծառայողական պարտականությունների իրականացմանը, քաշքշել նրանց, պոկել ոստիկաններից մեկի ծառայողական կրծքանշանը եւ տեսագրիչ սարքը, մյուսի՝ ուսադիրը: 26-ամյա եղբայրը բռունցքով հարվածել է ոստիկաններից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Այս ընթացքում սրճարանի մոտակայքում գտնվող ՀՀ ԱԱԾ 2 քննիչներ, նկատելով եղբայրների կողմից իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, մոտեցել են նրանց ու պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները: Վերջիններս, վրդովվելով իրենց արված դիտողությունից հնչեցրել են հայհոյանքներ եւ բռնություն գործադրել քննիչների նկատմամբ՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: