Բացառիկ զորավարժություն. թիրախում ինքնաբերաբար Ադրբեջանն է

Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն հայտարարել է, որ առաջին անգամ իրականացվելու է հակաահաբեկչական զորավարժություն երեք կազմակերպությունների անդամ երկրների մասնակցությամբ՝ ԱՊՀ, ՀԱՊԿ եւ Շանհայի գործակցության կազմակերպություն: Այդ համաձայնությունը ըստ երեւույթին Մոսկվայում երեք կազմակերպությունների պաշտպանության նախարարների նիստի արդյունք է:

Հակաահաբեկչական այդ վարժանքը փաստորեն ունենալու է բավականին ուշագրավ բնույթ, համենայն դեպս դատելով դրա հայտարարված նպատակից՝ հակաահաբեկչական: Բանն այն է, որ այդ զորավարժությունը կլինի բացառիկ: Բացառիկ այն իմաստով, որ մեկտեղվում է միաժամանակ թե մասնակիցը, թե թիրախը: Խոսքը Ադրբեջանի մասին է, որը եւս ներառված է զորավարժության համաձայնության շրջանակ, համենայն դեպս մասնակցել է մոսկովյան հավաքին:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը բառացիորեն շաբաթներ առաջ ինքնադրսեւորվել է որպես ահաբեկչական պետություն, ընդ որում ամենեւին ոչ առաջին անգամ: Բայց, տավուշյան մարտերի ընթացքում Բաքուն հասավ «գագաթնակետին», պաշտպանության նախարարության խոսնակի մակարդակով հայտարարելով Հայաստանի ատոմակայանը խոցելու պատրաստակամության մասին: Թեեւ, Ադրբեջանը փորձեց արդարանալ, թե դա եղել է Մինգեչաուրի մասին հայտարարություններին ի պատասխան, սակայն այդպիսի որեւէ պաշտոնական մակարդակի ակնարկ անգամ չի հնչել հայկական կողմից, հետեւաբար չկար որեւէ կերպ պաշտոնական «պատասխանի» անհրաժեշտություն:

Թեեւ, այդ հանգամանքը Ադրբեջանի ահաբեկչական բնույթի քաղաքականության միակ տարրը չէ: Ադրբեջանը կրելով ռազմական պարտություն, Տավուշում թիրախավորում էր խաղաղ բնակավայրերը: Դա էլ իհարկե առաջին անգամը չէ: Եվ, ի վերջո, Ադրբեջանըտ պետական մակարդակով հերոսացրել է գիշերը քնած մարդուն կացնով գլխատող մարդասպանին:

Այդպիսով, Ադրբեջանի պետական քաղաքականությունն անցնող տարիների ընթացքում դրսեւորել է ահաբեկչական բնույթի բազմաթիվ օրինակներ, հետեւաբար, եթե ՀԱՊԿ, ՇՀԿ եւ ԱՊՀ երկրները անում են հակաահաբեկչական համատեղ վարժանք, Ադրբեջանը ինքնաբերաբար հայտնվում է այդ վարժանքի թիրախում:

Իհարկե, իրական ռեժիմում Ադրբեջանի քաղաքականության ահաբեկչական բնույթը համաշխարհային մակարդակում ճանաչված չէ եւ Ադրբեջանն այսպես ասած «չարիքի առանցքի» դասված չէ: Բայց, թերեւս այդքան էլ հեռու չէ նաեւ այդ հեռանկարը, հաշվի առնելով այն, որ Բաքուն մեծ հաշվով վերածվում է թուրքական քաղաքականության «մահապարտի» եւ Էրդողանն ակնհայտորեն դիտարկում է իր ռազմավարության հնարավոր ձախողման կամ սայթաքումների դեպքում պատասխանատվությունն ու հետեւանքը Ադրբեջանի վրա, Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա դուրս գրելու տարբերակը՝ միջազգային պատասխանատվության իմաստով: Դրա համար է նաեւ Թուրքիային անհրաժեշտ ամբողջապես յուրացնել Ադրբեջանը որպես պետություն, որպեսի պետք եղած դեպքում չխանգարի ոչ ոք: