Լավ նորություն՝ բեզինի գնի վերաբերյալ

«Բենզինի գինը, որքան էլ բարձրանա, նախկին գնին վերադարձ չի լինելու։ Ներկայումս բենզինի գնի աճը պայմանավորված է նավթի համաշխարհային գների որոշակի ավելացմամբ, որը մինչ այս եղած պատմական մինիմումից սկսել է աճել, բայց նավթի գինը ևս նախկին գնին վերադառնալ չի կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Նշենք, որ այս օրերին բենզինի գինը սկսել է աճել։ Այս օրերին բենզինի «Ռեգուլյար» տեսակը վաճառվում է 320-330 դրամով, իսկ «Պրեմիում» տեսակը՝ 340-360 դրամով։ Բենզինի գները շեշտակի նվազեցին գարնան վերջին՝ հասնելով մինչև 270-280 դրամի։ Դա պայմանավորված էր նավթի համաշխարհային գների անկմամբ, երբ նավթի գինը հատեց պատմական մինիմումի շեմը։ Այսօր, սակայն, թեև կորոնավիրուսով և այլ հանգամանքներով պայմանավորված ռիսկերը դեռևս պահպանվում են, սակայն նավթի գների որոշակի աճ նկատվում է։   Տնտեսագետի խոսքերով՝ դա իր անդրադարձն է ունեցել նաև Հայաստանի շուկայի վրա, դրանից բացի՝ այլ խնդիրներ էլ կան, սակայն միանշանակ կարելի է ասել, որ նախկինի համեմատությամբ, արհեստական մենաշնորհային ինչ-որ դրսևորումներ կամ համաձայնեցված արհեստական խաղի արդյունք չէ Հայաստանում բենզինի գնի որոշակի բարձրացումը։ «Մի քանի ամիս առաջ արձանագրված բենզինի գնի նվազեցումը հակապատկերն էր այն իրավիճակի, որը նախկինում կար։ Եթե նախկին իրավիճակում լինեինք, գուցե այդ ժամանակ բենզինի գնի նման նվազում չարձանագրվեր»,-ասաց Քթոյանը։   Տնտեսագետի խոսքերով, սակայն, բենզինի շուկան Հայաստանում դեռևս այն աստիճանի մրցակցային չէ, որքանով ցանկալի կլիներ, որ լիներ։ «Լիակատար մրցակցային շուկայի ակտիվ խաղացողներով, մեծ թվով խաղացողներով շուկայի մասին դեռ վաղ է խոսելը՝ թեկուզ այն առումով, որ մուտքի արգելքները շուկայում բավականին բարձր են և լուրջ ներդրումներ են պահանջվում։ Նախկինում ընկերությունները, խաղացողները, օգտվելով քաղաքական հովանավորչությունից, ձեռք են բերել բենզալցակայանների մեծ ցանց, ձեռք են բերել մեծածախ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ, համակարգեր, ապա հիմա նույնն անելը դժվար կլինի նոր խաղացողի համար։   Հիմա դաշտը բաց է, բայց ներդրողը չի կարող գալ և իր ուզած՝ ակտիվ երթևեկության վայրում բենզալցակայան կառուցել, որովհետև կան սահմանափակումներ, որովհետև շուկան արդեն հագեցած է։ Իսկ լուրջ մրցակցային հայտ ներկայացնելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր, որպեսզի միանգամից ցանց ձեռք բերվի։ Իսկ դա շատ ավելի թանկ կլինի, քան գործող խաղացողների պարագայում է եղել, որոնք նախկինում գուցե և ստվերային գործարքների արդյունքում են եղել, կամ եղել են բավականին ցածր գնով։ Հետևաբար’ նոր խաղացողը շուկա մտնելու համար շատ բարդ իրավիճակում է հայտնվում․ կամ պետք է գինը բարձր դնի, կամ իրացման այնքան մեծ ծավալ ապահովի, որ ներդրում կատարելը շահավետ լինի»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ որոշակի հարցեր կան նաև ԵԱՏՄ տարածքով որոշակի պայմանագրային պարտավորությունների հետ կապված, կա «ՌոսնեվթԱրմենիայի» գործոնը։   «Այստեղ կա բազմավեկտոր, բազմաթիվ խաղացողներով կծիկ։ Անձամբ ինձ ոլորտի թափանցիկությունը, կամ մրցակցային ակտիվությունն այնքան էլ չի գոհացնում և կարծում եմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այստեղ ավելի շատ անելիքներ ունի։ ՏՄՊՊՀ-ն կարող է կարգավորումներ, խաղի կանոններ մտցնել, որ ներկրողի համար դժվարությունները շատ ակնառու չլինեն։ Բայց այստեղ մենակ ՏՄՊՊՀ-ի խնդիրը չէ։ Նոր խաղացողի համար ներդրումային դաշտը գնահատելու խնդիր կա։ Հասկանալու հարց կա, թե ինչ պայմանների դեպքում դաշտը գրավիչ կլինի, և արդյոք կարո՞ղ ենք այդ պայմանները առաջադրել։ Պետությունը, կառավարությունը առկա մրցակցային խզումը վերացնելու համար կարող է նոր խաղացողի համար արտոնություններ սահմանել և այլն։ Ամեն դեպքում մեր դիզվառելիքի, բենզինի շուկայի նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա տարբեր ընկերությունների կողմից։ Անցած երկու տարվա մեջ տարբեր ընկերությունների կողմից հայտարարություններ եղել են, բայց գործնական քայլեր դեռևս չեն արվել։ Հարցերը շատ են։ Պետության, կառավարության ակտիվ մասնակցության հարց կա»,- եզրափակեց տնտեսագետը։