Ալկոհոլային թունավորումից մահվան 17 դեպք է արձանագրվել. Նոր մանրամասներ

Այս պահին հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում ալկոհոլային թունավորումից բուժում է ստանում 13 պացիենտ։ Պացիենտների մոտ նկատվել են նյարդաբանական ախտանշաններ (սրտխառնոց, գիտակցության մթագնում, գլխապտույտ), կոմատոզ վիճակ, պացիենտներից 3-ի մոտ ի հայտ է եկել կուրություն։ Այս բոլոր նախանշանները բնորոշ են մեթանոլով թունավորմանը: Նրանցից միայն 1-ի վիճակը բժիշկները գնահատում են բավարար, իսկ մնացածը շարունակում են մնալ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

Կապված վերջին օրերին հանրապետությունում արձանագրված ալկոհոլային թունավորման դեպքերի հետ, որի պատճառ է հանդիսացել ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչքի օգտագործումը, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ նմանատիպ արտադրության, անհայտ ծագման, «տնական», խանութից գնված առանց մակնշման, դեղատնից գնված սպիրտի օգտագործումից:

Հիշեցում` Էթիլ սպիրտից սուր թունավորման ախտանշաններն են՝ գրգռում, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, գլխացավ և գլխապտույտ, նիստագմ, դիպլոպիա, թույլ համակենտրոնացում, անհավասարակշռություն, քնկոտություն, ատաքսիա, կոմա, ցնցումներ, շնչառության խանգարում, ճնշման իջեցում, սրտի դանդաղ աշխատանք, մարմնի ջերմաստիճանի իջեցում, հիպոգլիկեմիա:

Ավելին՝ այստեղ