Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցներում դասերի տևողության և գնահատման մասին

Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։ Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։ Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները: Սակայն առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է: Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն: Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ. 1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով: 2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն Ուսումնական պլանի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների հանրակրթական առարկաների համար նախատեսված ծրագրերով: