Աղմկահարույց մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ի՞նչ է տեղի ունեցել իրականում «զոն նայողների» մասնակցությամբ

Անցած շաբաթվա ընթացքում զանգվածային լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, որ դիմակավորված քրեակատարողական ծառայողները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ծեծի են ենթարկել մի քանի դատապարտյալի։ Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները և ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները կազմակերպեցին արագ արձագանքման այցեր հիշյալ հիմնարկ և հայտարարեցին, որ ազատազրկվածներից մեկը հաստատել է դեպքի իսկությունը և գրավոր դիմում փոխանցել տեղի ունեցածի վերաբերյալ։ Չնայած Արդարադատության նախարարությունը իր հերթին անմիջապես հանդես եկավ պարզաբանումներով, որ գործող օրենսդրությամբ ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, այնուամենայնիվ, հասարակության համար այդպես էլ հասկանալի չեղավ, թե, վերջիվերջո, ի՞նչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Եվ այսպես՝ մեզ հասանելի տեղեկություններով՝ օպերատիվ տվյալներ ստանալով, որ այդ ՔԿՀ-ի պատժախցերից մեկում առկա են արգելված իրեր, քրեակատարողական 3 ծառայող փորձել է ս.թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 09-ի սահմաններում, հանկարծակի խուզարկություն կատարել այդ պատժախցում՝ արգելված իրերը հայտնաբերելու համար։ Երբ տեսանելի վայրում հայտնաբերվել է բջջային հեռախոսի անլար ականջակալ, և ծառայողները փորձել են շարունակել փնտրտուքը, պատժախցում պահվող 3 անձանցից 2-ը սկսել են քաշքշել ծառայողներին, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնել և ակտիվ խանգարել խուզարկության շարունակությանը’ սադրելով լարված իրավիճակ։ Դեպքերի հետագա էսկալացիան կանխելու համար ծառայողները ստիպված ժամանակավորապես դադարեցրել են խուզարկությունը, որն ավարտին հասցնելու և այդ ընթացքում իրավիճակը լիովին վերահսկելու նպատակով գործողության շարունակությանը ներգրավվել է արդեն 11 ծառայող։ Սակայն դրանից հետո ևս ազատազրկված նույն 2 անձինք դրսևորել են ակնհայտ ագրեսիվ վարքագիծ, խոչընդոտել են ծառայողների գործողություններին, ինչը չեն դադարեցրել անգամ նախազգուշացումներից հետո։ Արդյունքում՝ 5 ծառայողներ (ըստ ազատազրկվածների՝ համապատասխանաբար 3 և 2 ծառայող) ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ են կիրառել այդ 2 անձանց նկատմամբ և ավարտին հասցրել խուզարկությունը (բնականաբար առաջին փորձից հետո այնտեղ այլևս ոչինչ չի հայտնաբերվել)։ Դեպքից անմիջապես հետո վնասվածքներ ստացածներին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվածը փաստաթղթավորվել է, և նյութերն ուղարկվել են դատախազություն։ Կարծես թե ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի։ Սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ հենց հետագա զարգացումներն են ամենահետաքրքիրը։ Դեպքից հետո պատժախցում եղած 3-րդ անձի մոտ «հանկարծ» հայտնվել է հեռախոս (ինչն արգելված է քրեակատարողական հիմնարկի ողջ տարածքում), և նա ահազանգել է, թե «իրեն սպանում են»։ Դրան անմիջապես հաջորդել է մամուլում և սոցիալական ցանցերում իրավապաշտպան որոշ շրջանակների բարձրացրած անասելի աղմուկը, թե ՔԿՀ-ներում ծառայողները կամայականորեն մուտք են գործում խցեր, առանց պատճառի խոշտանգման և ծեծի ենթարկում ազատազրկվածներին՝ որպես օրինակ վկայակոչելով հենց «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքը։ Միաժամանակ ակտիվորեն տարածվել է ահազանգած ազատազրկվածի՝ դեպքերի միակողմանի նկարագրությունը, որը պարունակել է ինչպես ահասարսուռ որոշ պատկերներ, այնպես էլ որոշակի քաղաքական երանգներ, թե այդ խոշտանգումները կատարվում են երկրի բարձրագույն ղեկավարության ուղիղ ցուցումով։ Ազատազրկվածը, իմիջայլոց, չի մոռացել խոսքի մեջ հիշատակել նաև իր հետ եղած մյուս 2 «բախտակիցներին»՝ որպես դաժան բռնության ենթարկվածների։ Սակայն դեռ սա էլ վերջը չէ. պարզվում է, որ այդ 2 անձինք, ում նկատմամբ իրականում կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ, կտրականապես հրաժարվել են որևէ տեղեկություն կամ բողոք հայտնելուց։ Բնականաբար, հարց է առաջանում, թե ու՞մ է պետք այս բեմականացումը և ինչու՞ հենց հիմա։ Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում իրավապահ մարմիններն ակտիվ պայքար են սկսել քրեական ենթամշակույթի դեմ, արդեն կան մի քանի կալանավորվածներ։ Այսինքն՝ նրանք հայտնվում են իրենց «տներում»՝ քրեակատարողական հիմնարկներում, որտեղ, սակայն, նույնպես ակտիվ պայքար է գնում այդ երևույթի դեմ։ Հետևաբար, քրեական ենթամշակույթը դարձել է հալածյալ հենց իր «տանը», ինչն առաջ է բերել դժգոհության ալիք այդ ենթամշակույթը կրողների շրջանում։ Իսկ ինչպես ցույց է տալիս փորձը, նրանք հեշտ հանձնվողներից չեն, ընդ որում, սովոր են «ուրիշի ձեռքով իրենց համար կարկանդակ հանելու» գործելաոճին։ Ի՞նչ կապ ունի այս ամենը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դեպքի հետ, և ինչու՞ են թաքցվում ազատազրկվածների ինքնությունները։ Եվ այսպես՝ մեզ հաջողվել է որոշակի տեղեկություններ ստանալ նրանց մասին։ Քրեակատարողական ծառայողներին ակտիվ դիմադրություն ցուցաբերած անձանցից մեկը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «զոն նայող», «Ամերիկացի Ալեն» մականվամբ կալանավորն է, որին որոշ շրջանակներ համարում են «գանգստեր», քանի որ, ըստ տեղեկությունների, ԱՄՆ-ում բնակվելու տարիներին եղել է «Armenian Power» (թարգմանաբար՝ «Հայկական ուժ») հանցագործ խմբավորման անդամ։ Նույն տեղեկություններով՝ նրան հովանավորում է «Պզո» մականունով հայտնի «օրենքով գողը», որը, ինչպես հայտնի է, նույնպես որոշակի խնդիրներ է ունեցել Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների հետ։ «Ամերիկացի Ալենը» ձերբակալվել էր Վրաստանի հետ ՀՀ սահմանը հատելիս, մեղադրվում է «FedEx» բեռնափոխադրման ծառայության միջոցով առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխելու համար: Ըստ տարածված լուրերի՝ «Ամերիկացի Ալենի» խցում կախված են եղել «Սվոյ Ռաֆի» և «Մասիվցի Անդիկի» լուսանկարները, քրեակատարողական ծառայողները նրա մոտ հայտնաբերել են նաև տարբեր կալանավորների անվամբ որպես «գրեֆ» ստացված մեծ քանակությամբ ծխախոտ, քաղցրավենիք և այլն, ինչի համար էլ հայտնվել է օպերատիվ աշխատակիցների տեսադաշտում։ Խուզարկություններից մեկի ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է նաև բջջային հեռախոս, որի պատճառով հայտնվել է պատժախցում։ Ընդ որում, «Ամերիկացի Ալենի» վրդովմունքը և ծառայողներին ակտիվ հակազդեցությունը կապված է եղել այն հանգամանքի հետ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում ինքը փաստացի զրկվում է նախկինում ՔԿՀ-ներում «զոն նայողների» համար ստեղծված արտոնյալ մի շարք պայմաններից. ոչ միայն պարբերաբար խուզարկվում է, այլև չի թույլատրվում իր մոտ բջջային հեռախոս պահել, դեռ մի բան էլ պատժախուց է տեղափոխվում։ Բավականին հետաքրքիր է նաև դիմադրություն ցուցաբերած մյուս կալանավորի ինքնությունը՝ հայտնի «Գյուրզն» է, որը մեղադրվում է որդու հետ տուն վերադարձող տղամարդուն սպանելու մեջ, որն ընդամենը ձայնային ազդանշան է տվել, իսկ «Գյուրզն» սպանության ժամանակ եղել է թմրամիջոցի ազդեցության տակ։ Մեր տեղեկություններով՝ նրա ագրեսիվ վարքագծին քաջատեղյակ են ոչ միայն «Նուբարաշեն», այլև մյուս ՔԿՀ-ներում։ Համակարգում քիչ կան կալանավորներ, որոնք տասնյակ անգամներ են աչքի ընկել ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, անհարգալից և լկտի վարքագիծ դրսևորելու, ՔԿՀ-ի գույքի վնասելու համար և այլն։ Հանրությանը լավ ծանոթ է նաև բողոքներով հանդես եկած անձը՝ 3-րդ կալանավորը։ Նախկինում բազմիցս դատապարտված, իսկ վերջին անգամ 10-ից ավել գողությունների կատարման մեջ մեղադրված երիտասարդ է, որը երկվորյակ եղբոր հետ ամիսներ շարունակ Երևանում, Էջմիածնում, Արարատի մարզում զբաղվել է ավտոմեքենաների, մարտկոցների և անվադողերի գողությամբ, վճարային սարքերի և գումարների հափշտակությամբ։ Հիշյալ երիտասարդը և նրա հետ փոխկապակցված անձինք հայտնի են նաև տարբեր բողոքի ակցիաներով (այդ թվում՝ հացադուլ, ջրադուլ, քննիչի կողմից կաշառք պահանջելու մասին մտացածին հաղորդումներ, Կառավարության շենքի մոտ ինքնասպանության փորձ և այլն) հասարակության ուշադրությունն իրենց վրա բևեռելու և հասարակական ճնշման միջոցով եղբայրներին պատժից ազատելու որդեգրած մարտավարությամբ։ Քրեական ենթամշակույթի չգրված կանոններին իրազեկ մեր աղբյուրները նշում են, որ քրեակատարողական հիմնարկների հետ կապված բողոքի նմանօրինակ ակցիաները դեռևս նախկինից են ընդունված եղել։ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի արմատավորված կարծրատիպերից մեկը եղել է այն, որ շարքային ազատազրկվածները պարտավոր են «паступит» լինել հեղինակություն վայելող անձանց համար (միջամտել և խոչընդոտել նրանց հետ կապված գործողությունները)։ «Օրենքով գողերը», «զոն նայողները» երբեք անձամբ բացահայտ առճակատման չեն գնացել վարչակազմի հետ, նրանց ուղղորդմամբ դա արել են այլ ազատազրկվածներ, հենց որոնք էլ բողոքներ են գրել, հացադուլ հայտարարել, անգամ ցուցադրական ինքնավնասումներ կատարել։ Նույն աղբյուրները հավաստիացնում են, որ տվյալ դեպքում ևս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այդ սցենարն է խաղարկվում, ընդամենը մեկ տարբերությամբ՝ բողոքող անձը սերտ կապված է նաև որոշ իրավապաշտպան կառույցների հետ, որոնց միջոցով փորձում է հերթական անգամ իր անձնական շահն առաջ տանել ու իշխանություններին պարտադրել վերանայել իր պատիժը։ Հիշատակված կառույցները ևս հետապնդում են անձնական շահեր (քաղաքական կամ տարածաշրջանային նպատակներ հետապնդելու մասին վերլուծությունները դեռ առջևում են). ստացած դրամաշնորհների ծախսն արդարացնելու համար պետք է շարունակաբար թեժացնեն իրավիճակը։ Այսինքն՝ խնդիրը միայն արտաքուստ է տեղային, իրականում մենք ականատեսն ենք քրեական բարքերի և իրավապաշտպանության շահերի համընկնման ու համաձուլման, որի կողմերից յուրաքանչյուրը հետապնդում է որոշակի նպատակ և այդ հարցում օգտագործում մյուսի հնարավորությունները։