Արտակարգ դեպք Երևանում. Ավանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» և «ծնկափոսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աբրահամյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մուշեղյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Ավան վարչական շրջանի բնակիչներ, 29-ամյա Գոռ Ա.-ն և 34-ամյա Զավեն Ս.-ն: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վերջիններս ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում Ավան 14-րդ փողոցում գտնվող խաղահրապարակում վիճաբանություն է տեղի ունեցել Գոռ Ա.-ի, Զավեն Ս.-ի և Ավան վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Վրեժ Մ.-ի միջև: Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել և նշված վնասվածքներն է պատճառել վիրավորներին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Վրեժ Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ավանի բաժանմունք, կատարվածի մասին բացատրություն է տվել, այնուհետև բաց է թողնվել: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: