Ես վստահ եմ, որ նրանք ինչ-որ փորձարկում են արել հորս վրա. Կորոնավիրուսից մահացածի դուստր

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Analitik.am-ին է ահազանգել Երևան քաղաքի բնակչուհի Արմինեն, ում խոսքերով, իր 65-ամյա հայրը մահացել է առողջապահական համակարգի թերի աշխատանքի հետևանքով:

Արմինեն նշեց, որ հայրը բավական առողջ է եղել և չի ունեցել ուղեկցող հիվանդություններ. «Հայրս միշտ առողջ սնվել է, առողջ ապրելակերպ է վարել, չի ծխել, չի խմել ու դեռ մեզ էլ էր ստիպում արթնանալուն պես իր հետ մարզվել: Մի քանի օր հայրս ջերմել է, ասում էր, թե քամու տակ է մնացել դրա համար է այդպես: 4-5 օր ջերմելուց հետո որոշեցինք հիվանդանոց տանել: Թոքերը նկարեցին, դրանից հետո բժիշկը ինչ-որ բան կասկածեց ու որոշեց թեստավորել: Դրանից հետո եկանք տուն ու 2 օր հետո թեստի պատասխանը դրական եկավ»:

Մեր զրուցակցի խոսքերով, բժիշկներն անգամ չէին ուզում իր հորը պառկեցնել հիվանդանոցում. «Նրանք ասացին, որ տան պայմաններում թող բուժում ստանա, քանի որ վիճակը ծանր չէ: Շատ դժվարությամբ կարողացանք հայրիկիս հիվանդանոցում տեղավորել: Սկզբնական շրջանում հայրս լավ էր: Ամեն օր խոսում էինք հետը, բայց տեսնել չէինք կարող: Հետո սկսեց վիճակը վատանալ՝ ձայնը շատ վատ էր, դժվարությամբ էր շնչում, գրեթե բան չէր ուտում: Միայն մի բան էր մեզ ասել, որ բժիշկներն օրվա ընթացքում 2 անգամ են մտնում պալատ: 5 օր հիվանդանոցում պառկելուց հետո հայրս մահացավ»:

Արմինեն վստահ է, որ բժիշկների անտարբեր ու անուշադիր վերաբերմունքից է հայրը մահացել. «Բժշկի ու քույրի հետ զրուցում էինք ամեն օր, նրանք պնդում էին, որ հորս վիճակը շատ լավ է: Ասում էին՝ նորմալ հաց է ուտում, իր ոտքով ման է գալիս: Բա լավ, այդ ի՞նչ կատարվեց 1-2 օրվա ընթացքում, որ հորս վիճակը կտրուկ վատացավ: Ես վստահ եմ, որ նրանք ինչ-որ փորձարկում են արել հորս վրա: Թող մեղք չլինի ասածս, բայց կարո՞ղ եք ասել, առողջ տղամարդը, առանց ուղեկցող հիվանդությունների մահանում է: Այդ ինչպե՞ս է այդպես լինում:

Այս իշխանությունը մարդկանց դրել է առնետի տեղ ու փորձարկումներ է անում հիվանդների վրա: Այս կառավարությունը ծաղրում է մեզ, ոչնչացնում է թոշակառուներին, որ այդ գումարները իրենց գրպանները դնեն: Ես ամեն ինչ անելու եմ, որ բացահայտեմ այս կեղծիքը: Սա արդեն որերորդ դեպքն է, երբ հիվանդները մահանում են անհասկանալի ձևով: Սա առեղծված է: Կամ ինչո՞ւ չեն դիահերձում մահացածներին: Թե՞ դիահերձում ու իրենց պետք եղած օրգանները վերցնում են իրենց ու դրանով էլ են գումար աշխատում»:

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ հայրը բնակվել է իրենց հետ, տան անդամներից որևէ մեկը չի վարակվել. «Ես չեմ հավատում, որ հայրս  վարակված է եղել: 6 օր նույն հարկի տակ ենք ապրել և իրար հետ հաց ենք կերել: Բա էդ ինչպե՞ս եղավ, որ մեզանից գոնե մեկը չվարակվեց այդ վիրուսով: Դե դուք ասեք, դա տրամաբանակա՞ն է: Նշեմ, որ այդ «անտեր» Առողջապահության նախարարությունից ու պարետատնից որևէ մեկը մեր հետ կապ չի հաստատել ու չի հորդորել, որ ինքնամեկուսանանք: Բա սա խաղ չի՞, բեմադրություն չի՞: Եթե մարդ է մահանում կորոնավիրուսից ու ամենաքիչը 5 անձ շփում է ունեցել այդ մարդու հետ, ապա ինչո՞ւ են այդքան անտարբեր վեր ընկած իրենց տաքուկ աթոռերին: Սրանց մտքին մի բան կա, սրանք մարդկանց վերացնելու փորձեր են անում: Զգույշ եղեք հարգելի հայրենակիցներ: Սխալ մարդկանց եք վստահել ձեր կյանքն ու երկրի ապագան»:

Օֆելի Իսրայելյան