«Նորայր Եղյանը հատուկ զանգել էր` ասելու, որ ինձ շատ է սազում». Ժաննա Վելիցյանի կտրուկ ոճափոխությունն ու մասնագիտական դադարի պատճառը

Դերասանուհի Ժաննա Վելիցյանը կտրուկ ոճափոխություն է արել` կտրելով վարսերը: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ մազերը կտրելու որոշումը հանկարծակի է կայացրել:

«Պարզապես որոշեցի ու կտրեցի վարսերս: Նման կարճ սանրվածք երբեք չեմ ունեցել: Փոփոխություն վաղուց էի ցանկանում, բայց հեռուստատեսային նախագծերն ու վերջերս նաև ֆիլմը, այսպես ասած, թույլ չէին տալիս: Չեմ փոշմանել կտրեու համար: Դեռ երկու օր է անցել, բայց միայն դրական կարծիքներ եմ լսել: Խաղընկերներիցս մեկը` Նորայր Եղյանը, հատուկ զանգել էր` ասելու, որ ինձ շատ է սազում»,-ասաց նա:

Ժաննայի խոսքով` ինքը միշտ է փոփոխություններ սիրել. «Չեմ կարողանում երկար դոփել նույն տեղում: Սանրվածքիս փոփոխությունն իմ ներաշխարհի հետ կապված չէ, դեպրեսիվ չեմ, ինձ մոտ ամեն ինչ հրաշալի է: Ուղղակի ցանկացա կտրել,-ասաց նա և հավելեց, որ  դերասանի կյանքում կարևոր են նաև մասնագիտական փոփոխությունները:-Դրանք պարտադիր են, այլապես կլճանանք: Առհասարակ, կյանքում դրական փոփոխություններին հեշտ եմ ընտելանում, բացասականներին` դժվար և դանդաղ, բայց հարմարվում եմ»:

Դերասանուհին այս պահին դադարի մեջ է. թատրոնները փակ են, հեռուստատեսային նախագծերում զբաղվածություն չունի. «Մեծ հարց է՝ այս տարի փակ բեմ կբարձրանա՞նք, թե՞ ոչ: Մեկ-երկու ներկայացում կա, որոնք հնարավոր է խաղալ դրսում, ես, ցավոք, ներգրավված չեմ դրանցում: Հեռուստատեսային նախագծերում նույնպես զբաղվածություն չունեմ: Երբ դեռ չէի հայտնվել ֆիլմում, ինձ թվում էր` թատրոնից առավել ոչինչ սիրել չեմ կարող, բայց սիրեցի գրեթե նույքան, որքան թատրոնը»:

Այնուամենայնիվ, խոսելով մասնագիտական ընկճախտերի մասին, Ժաննան ընդգծեց, որ այս շրջանում դրանք սրվել են. «Երբեմն մասնագիտական ընկճախտեր եմ ունենում: Մոտ 6 ամիս է՝ բեմ չենք բարձրացել: Թեև ամբողջ ընթացքում եղել եմ նկարահանումների բուռն ընթացքի մեջ, այն, ինչ տալիս է բեմը, անհամեմատելի է: Կարոտել եմ բեմի հոտը, սիրտս բեմ է ուզում»:

Հարցին, թե մասնագիտական դադարի ընթացքում ինչպե՞ս է փորձում լրացնել բացը, դերասանուհին պատասխանեց. «Ես դերասանուհի եմ ու չեմ կարող զբաղվել բացառապես առօրյայով, կխելագարվեմ: Երբ երկրում դեռ արտակարգ դրություն չէր, միշտ հաճախում էի տարբեր թատրոններ, ներկայացումներ դիտում, հիմա այդ հնարավորությունը չունենք: Մեզ սահմանափակել են, կաղապարի մեջ դրել: Արվեստագետի համար դա շատ բարդ է և «անհասկանալի»: Փորձում եմ բացը լրացնել ֆիլմեր դիտելով, բայց դա չափազանց քիչ է»: