«Չէի ուզում հայելու մեջ նայել». Անի Քոչարը՝ քաղցկեղը հաղթահարելու, «հակաքաղցկեղային դիետա» կազմելու և նախկին տեսքը վերականգնելու ճանապարհի մասին

Լրագրող, մոդել Անի Քոչարը քաղցկեղը հաղթահարելուց հետո գրեց «Հանձնվել չկա» գիրքը, որը տպագրվեց «Նյումեգ» հրատարակչության կողմից: Անին ասում է՝ «Հանձնվել չկա»-ն պետք է շատ մեծ նախագիծ լիներ, որը ներառում էր նաև հրապարակախոսությունների շարք, սակայն թագավարակը խափանեց ծրագրերը: Թեև գրքի մեծ շնորհանդեսը չեղարկվեց, Անին այսօր փոքրիկ հանդիպում ունեցավ ընթերցողների հետ, որոնց թվում նաև մարդիկ էին, ովքեր քաղացկեղի դեմ պայքարի փուլում են:

Tert.am Life-ը ներկա է եղել հանդիպմանն ու ներկայացնում է մանրամասները: Անին իր գրքում ներառել է շատ անձնական պատմություններ, նպատակը մեկն է՝ քաջալերել օնկոլոգիական խնդիր ունեցող մարդկանց: Ասում է՝ իրեն երջանակացնում է փաստը, որ մոտիվացիա է դարձել մարդկանց համար:

«Երբ ես էի ծանր դրության մեջ, փնտրում էի մարդկանց, որոնք ինձ կմոտիվացնեն, որոնց օրինակով ուժ կստանամ, կհավատամ, որ պայքարս արդյունք կտա: Ավաղ, չէի գտնում: Հայտնի մարդկանցից միայն Էդգար Գյանջումյանն է բարձրաձայնել, որ հաղթահարել է այս խնդիրը: Ես իր հարցազրույցներն էի փնտրում՝ հասկանալու ինչպես է հաղթահարել հիվանդության փուլերը, ինչերի միջով է անցել: Դեռ այդ փուլում հասկացա, որ եթե հաղթահարեմ այս հիվանդությունը, չպետք է լռեմ, իրավունք չունեմ լռելու»,- ասաց նա ու նկատեց, որ այդ խնդրով շատ կանայք իրեն դիմում են մոտիվացիա ստանալու համար:

Ըստ Անիի՝ հեշտ չէր անձնական պատմությունները զետեղել գրքում. «Այս գրքում նեղանձնական թեմաներից բացի հարապարակել եմ նաև լուսանկարներ, որոնք ժամանակին թաքուն էին արել և չէի ցանկանա հայտնվեին համացանցում: Բայց իմ ճանապարհի ընթացքում հասկացա՝ ո՞վ, եթե ոչ ես: Եթե բոլորը լռեն, մարդիկ ինձ պես մենակ կզգան իրենց: Ինձ երջանկացնում է միտքը, որ հիմա իրենք մենակ չեն: Այն ժամանակ ես շատ մենակ էի»:

Ներկայացված լուսանկարներում Անին հյուծված է, ճաղատ: Ժամանակին որպես մանեքենուհի ներկայացած աղջկա համար սա կրկնակի սթրես էր: Նախկին տեսքը վերականգնելն Անիին հեշտ չի տրվել, սակայն նա տեսակով մինչև վերջ պայքարող է:

«Գրքում էլ անկեղծ պատմում եմ, որ կար շրջան, երբ նույնիսկ չէի ուզում նայել հայելու մեջ: Հավանաբար այստեղ կար նաև այն խնդիրը, որ ես երկար ժամանակ աշխատել էի գեղեցկության ինդուստրիայում և սովոր էի լինել ներկայանալի տեսքով: Մեկ էլ բախվեցի խնդրի, երբ կորցրի անգամ հոնքերս, թարթիչներս, վարսերս, եղունգներս: Կարծես հայտնված լինեի վատ ֆանտաստիկ ֆիլմում, որտեղ սարսափ կերպար էի մարմնավորում: Ես միշտ երդվյալ երկարամազ եմ եղել, ինձ համար հոգեբանորեն շատ դժվար էր ճաղատ լինելը, սակայն հասկացա, որ չպետք է մտնեմ հիվանդի դերի մեջ, շարունակ խղճամ կամ քարկոծեմ, անիծեմ բախտս: Ես սկսեցի շատ կարդալ, ինձ համար կազմեցի առողջ տեսքս, այդ թվում՝ մաշկիս առողջ գույնը, իմունիտետս վերականգնելու սննդակարգ: Գրքում ներառված է այդ սննդակարգը, որը ես անվանում եմ հակաքաղցկեղային դիետա: Այն նաև կանխարգելիչ է: Իրականում, ես հիմա չէի ունենա այս տեսքը, եթե մատնվեի դեպրեսիայի, ծուլության: Սա քրտնաջան ու համբերատար աշխատանքի արդյունք է, հաճախ հեշտ չէր ընդունել խոտաբույսերը, որոնք ունեն լեղու դառը համ, սակայն եթե որոշել ես արագ վերականգնվել, պետք է մի քիչ նեղություն տաս քեզ»,- ընդգծեց Անին:

Նա նշեց, որ ախտորոշման օրվանից սկսած առաջին ամիսներն ամենաբարդն էին իր համար. հիվանդանոցային կյանքը վատագույնն էր, որ կարող էր պատահել իր հետ. «Ես սարսափելի ընկճախտ ունեի, բայց նույնիսկ այդ իրավիճակում և՛ ձայնով լացում էի, և՛ ասում՝ ո՛չ, ես վերադառնալու եմ տուն, որովհետև Դավիթն ինձ է սպասում»:

Չհանձնվելու համար Անին ևս մի պատճառ ուներ, իր ընտանիքն արդեն անցել էր քաղցկեղի դժոխային ճանապարհով. «Թյուր կարծիք կա, որ ես Գերմանիայում բուժվել եմ, խոսում եմ այդ մասին ու չգիտեմ՝ ինչ է նշանակում այդ պայքարում տանուլ տալը: Իրականում, շատ լավ գիտեմ, թե դա ինչ ցավ է: Դա էլ նպաստեց, հասկանալ, որ իրավունք չունեմ հանձնվելու, որովհետև երկրորդ հարվածը մեր ընտանիքի համար չափազանց կլիներ: Ընտանիքս երկրորդ անգամ այդ ցավը չպետք է ունենար: Ես գիրքը նվիրել եմ փոքրիկ Մանեի լուսավոր հիշատակին: Մանեն քույրիկիս դուստրն է: Նա նույնպես քաղցկեղ ուներ: Ավաղ, Մանեն մեզ հետ չէ: Սա այնքան նուրբ թեմա է մեր ընտանիքում… միշտ ներկայով ենք խոսում Մանեի մասին: Նույնիսկ վախենում էի քույրիկս ասել, որ գիրքը նվիրել եմ Մանեի հիշատակին: Քույրս այդ մասին իմացավ, երբ գիրքն արդեն հանձնել էի տպագրության, շատ հուզվեց»:

Նա շեշտեց, որ երջանիկ է այն օրվանից, երբ բժիշկն առաջին անգամ իրեն ասաց, որ քաղցկեղի բջիջները նահանջում են: «Այդ օրվանից ես վերաիմսատվորեցի իմ կյանքը, շնորհակալ եմ, որ Աստված ինձ հնարավորություն տվեց թե՛ որդուս մեծացնելու, թե՛ իմ ասելիքն այս աշխարհին հասցնելու: Օնկոլոգիական խնդիրներն անկանխատեսելի են: Ես չգիտեմ՝ վաղը կամ մեկ տարուց ինչ կլինի ինձ հետ, բայց իմ որոշումն է ապրել: Ես շատ եմ սիրում այս կյանքը, հավերժ սիրահարված եմ այս կյանքին իր բոլոր դժվարություններով, փորձություններով, խնդիրներով հանդերձ»,- ոգևորությամբ ասաց Անին:

Թե որքան ժամանակ նա կմնա Հայաստանում, ինքն էլ դեռ չգիտի, բայց ասում է՝ այս փուլում իր նպատակները մեծապես կապված են Հայաստանի հետ: