Ծնունդների, հարսանիքների, թաղումների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որով սահմանափակվում է նաև հանրային միջոցառումների իրականացումը։ Մասնավորապես, հանրային միջոցառումները թույլատրվում են միայն հետևյալ սահմանափակումներով՝

տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
անձանց սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումները (այդ թվում՝ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները, կրթական այլ միջոցառումներ), եթե վերջիններս չեն հանդիսանում տնտեսական գործունեության տեսակ, 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ.
փակ տարածքներում հանրային միջոցառումները՝ ի լրումն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված պահանջների՝ նաև բնական կամ ներհոս-արտաձիգ արհեստական օդափոխության առկայության և սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահանջների պահպանման դեպքում:
Սույն գլխով սահմանված սահմանափակումների կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը: