Տավուշում ամուսինը կասկածել է կնոջն ամուսնական անհավատարմության մեջ ու խեղդամահ արել

Տավուշի մարզում ընդհանուր իրավասության դատարանում շուտով կսկսվի կնասպանության գործով դատավարությունը։ Ամուսինը կասկածել է կնոջն ամուսնական անհավատարմության մեջ ու խեղդամահ արել։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կնոջ սպանությունը տեղի է ունեցել դեռեւս հունվարին, սակայն նախաքննությունն ավարտվել է օրերս, որի արդյունքում մեղադրանք է առաջադրվել ամուսնուն։ Նախնական վարկածով՝ 2020թ հունվարի 22-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ամուսիններին պատկանող առանձնատանը տղամարդը դիտողություն է արել 30- ամյա կնոջը՝ ամուսնական անհավատարմության համար, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել։

Վիճաբանության ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի արդյունքում երկուսով ընկել են հատակին։

Տղամարդը վերցրել է գետնից վառարանի տակ ընկած հակի թելը և խանդի շարժառիթով նույն թելով սեղմել կնոջ պարանոցը, որի հետևանքով վերջինս մահացել է։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այժմ քրեական գործը գտնվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել է դատավոր Ռաֆիկ Մելքոնյանին։