Հատուկ դիմակ՝ կորոնավիրուսը հայտնաբերելու համար

Սինգապուրի գիտնականները մշակել են հատուկ սենսորային համակարգ, որն ի վիճակի է հայտնաբերել կորոնավիրուսի ախտանիշները, այն կարող է ներդրվել ցանկացած դիմակի մեջ, հայտնում է Straits Times թերթը:

Փորձագետները ստեղծել են հատուկ «մոնիթորինգի համակարգ», որի սենսորները թույլ են տալիս տվյալների հավաքել մարմնի ջերմաստիճանի, արյան մեջ թթվածնի հագեցվածության, արյան ճնշման և սրտի աշխատանքի հաճախականության մասին: Այս ցուցանիշների հիման վրա կարելի է որոշել կորոնավիրուսով վարակված լինելը:

«Երբ կորոնավիրուսով վարակված պացիենտները գտնվում են մեկուսացման մեջ, բուժաշխատողները ստիպված են այնտեղ մտնել՝ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ ջերմաստիճանի և արյան մեջ թթվածնի հագեցվածության ստուգումներ կատարելու համար … Ուստի մենք մտածել ենք, որ հնարավոր է օգնել աշխատակիցներին, ովքեր կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում են և նվազեցնել նրանց առջև ծառացած ռիսկերը»,-թերթի հետ զրույցում ասել է պրոֆեսոր Լո Սյան Ցզյունը: